«Արամ Գասպարյանի (Չիկոյի) վրա դրված՝ խուլիգանության կազմակերպման հոդվածն ինքնին անհեթեթ է հնչում»․ Մելիքյան

«Ուզում եմ անդրադառնալ մի իրավաբանական «նոու-հաու»-ի, որը, թվում է, պետք է հետաքրքրեր միայն մասնագետներին, սակայն արի ու տես՝ այդ նորարարության պատճառով շատ ու շատ մարդիկ ենթարկվում են զրկանքների, անհիմն կալանքների ու այլ խափանման միջոցների։ Ու բնական է, որ այն առավելապես օգտագործվում է հենց քաղաքական գործերով։
Դրա անունը եկեք դնենք «Բիլլի Բոնսի ուսմունք»՝ ի պատիվ «Գանձերի կղզու» հայտնի պերսոնաժի, որի մի աչքը փակած է կապիչով։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Բիլլի Բոնսի ուսմունքը»։ Ցանկացած մեղադրանք ունի երկու բաղադրիչ - ՓԱՍՏԵՐ և ԻՐԱՎՈՒՆՔ։ Դրանք նման են երկու աչքերի, որոնցով դատարանը պետք է դիտարկի ու ստուգի իր առջև ներկայացված մեղադրանքը։ Մինչդեռ «Բիլլի Բոնսի ուսմունքն» ասում է, որ հեչ էական չի ԻՐԱՎՈՒՆՔԸ (այսինքն՝ էն հոդվածը, որով անձին մեղադրանք է ներկայացվել): Կարևոր են միայն ՓԱՍՏԵՐԸ (ինչ է նա արել՝ ըստ մեղադրանքի կողմի):
Այս մոտեցմամբ՝ դատախազությունը կարող է աբսուրդային հոդված դնել մարդու վրա, նրան տանել դատարան՝ խափանման միջոցի հետևից, իսկ դատարանը խուսափի տեսնելուց այն ակնհայտ իրողությունը, որ էդ անտեր հոդվածը ոչ մի ձև «չի կպնում» մեղադրյալին վերագրվող արարքին։ Օրինակ՝ Էդգար Ղազարյանի վրա դրված «դատավորներին արատավորող տեղեկությունների» հոդվածը (490-2), Ստեփանակերտի քաղաքապետի վրա ի սկզբանե դրված «խարդախության» հոդվածը և այլն, և այլն, և այլն։ Արժանի է հիշատակման նաև Գևորգ Էմին-Տերյանի գործը, երբ տոնածառը վառելու անհրաժեշտության մասին հումորային գրառումը որակվել էր որպես… «բռնության կոչ» (որը բնականաբար վերաբերում է միայն մարդկանց):
Արամ Գասպարյանի (Չիկոյի) վրա դրված՝ խուլիգանության կազմակերպման հոդվածը, ինչն ինքնին անհեթեթ է հնչում, նույնպես կարելի դասել դատախազության այդ գործելաոճի շարքին, սակայն դատարանի մասով բան չեմ կարող ասել, որովհետև ծանոթ չեմ դատական ակտին։
«Բիլլի Բոնսի ուսմունքը» երբեմն տեղ է գտնում բուն դատերի ընթացքում ևս, երբ, օրինակ, հայտնի «ավտոբուսի գործով» դատախազն ուղիղ մատնանշեց այն՝ պնդելով, որ պաշտպանության իրավունքը ենթադրում է միայն փաստերից, այլ ոչ թե իրավունքից պաշտպանվելու հնարավորություն։
Ասածս ինչ է։ Հեռու չէ այն օրը, երբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կքննի ծովահենության հոդվածով (317) մեղադրվող առաջին քաղհալածյալի գործը»։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան