Բաբելոնի աշտարակը կամ Արարիչ Աստծո տաճարը
Մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից, լսել է Բաբելոնի աշտարակի ավանդության մասին: Քրիստոնյաների, մուսուլմանների եւ հրեաների սուրբ գրքերը պատմում են այն ժամանակների մասին, երբ համաշխարհային ջրհեղեղից հետո մարդկությունը մեկ ժողովուրդ էր եւ խոսում էր մեկ լեզվով: Այնուհետեւ հաստատվում է, որ ջրհեղեղից փրկված ժողովուրդը գաղթում է Սինաար կոչվող տեղանք եւ որոշում է կառուցել քաղաք ու մինչեւ երկինք հասնող աշտարակ: Այսպիսով մարդիկ ցանկանում էին Աստծուն հավասար լինել, ինչն էլ առաջացնում է նրա սարսափելի պատժիչ զայրութը:
Բայց արդյոք մինչեւ երկինք հասնող Բաբելոնի աշտարակը գոռոզությա՞ն արդյունք էր, թե՞ այն սուրբ տաճար էր՝ կառուցված ոմն աստվածության պատվին: Ի վերջո, ովքե՞ր էին նրանք՝ այդ առեղծվածային կառույցի շինարարները:
Հաշվի առնելով, որ Հին կտակարանի գրքերը գրվել են դրանցում նկարագրված իրադարձությունների առաջին հիշատակումից հետո, այդ թվում `Բաբելոնի աշտարակի մասին պատմությունը, անհրաժեշտություն է առաջանում դիմելու Միջագետքի հնագույն քաղաքակրթություններին՝ հեռավոր անցյալի իրադարձությունների սեպագիր աղբյուրներին:
Չէ՞ որ առավելապես հենց այդ՝ 3-4 հազարամյա սեպագիր արձանագրությունների շնորհիվ է ժամանակակից գիտությունը բացահայտել անցյալի բազում առեղծվածներ:
Հնագույն ժամանակներում մարդիկ երկրպագում էին շատ աստվածների կամ Անունակներին: Համաձայն հնագույն գրությունների՝ հենց նրանք են արարել մարդուն, սովորեցրել արհեստներ ու նվիրել անգին գիտելիքներ: Միաժամանակ, հենց նրանք են եղել բազմաթիվ դժբախտությունների ու պատուհասների ակունքը, այդ թվում՝ ջրհեղեղի: Ավելի ճիշտ՝ գերագույն աստվածներից մեկը: Եւ եթե աստվածաշնչյան պատումն ասում է, որ եւ մարդու արարումը, եւ պատիժը բխում է նույն աստծուց, ապա հնագույն արձանագրությունները տալիս են փոքր ինչ այլ պատկեր:
Ըստ սեպագիր աղբյուրների՝ ամբողջ տիեզերքը հին աշխարհի երկու գերագույն աստվածությունների՝ ամենակարող Էնլիլի եւ ամենաիմաստուն Էնկիի անհաշտ պայքարի արդյունքն է:
Ք.ա. 18 դարի հայտնի Գիլգամեշ էպոսում եւ ք.ա 3-րդ հազարամյակի Զիուսուդրայի մասին պատումի մեջ ասվում է, որ Էնլիլ աստված որոշում է վերացնել բոլոր մահկանացուներին եւ նրանց վրա ջրի հեղեղ է ուղարկում: Նրա եղբայրը՝ Էնկի աստվածը՝ մարդու արարիչը, որոշում է փրկել մարդկային ցեղը: Հենց Էնկիի շնորհիվ է ընտրյալ մահկանացուն կառուցում տապանը՝ փրկելով մարդկային ցեղը: Տարբեր աղբյուրներում տարբեր կերպ է հնչում ընտրյալի անունը՝ Ութնապիշտիմ, Քսիսութրոս, Զիուսուդրա կամ Նոյ, բայց բոլոորն էլ հաստատում են՝ տապանը կանգ է առել Շումերից հյուսիս ընկած լեռներում՝ Արարատյան երկրում կամ Հայաստանում:
«Հոբելյանների գիրք» կոչվող հին մատյանում՝ Նոյի կյանքի նկարագրության մեջ, կան այսպիսի տողեր. «Եւ հանգավ Նոյը իր հայրերի հետ ու թաղվեց Լուբար լեռան վրա՝ Արարատ երկրում, իսկ մարդու որդիները՝ Նոյի սերունդները, Արարատից տեղափոխվեցին Սինաար»:
Հետեւաբար՝ այն ինչ մենք անվանում ենք Բաբելոնի աշտարակ, կառուցել են Նոյի փրկված ժառանգները: Ինչպես Աստվածաշունչը, այնպես էլ հնագույն պարականոն աղբյուրները պնդում են, որ դա մեկ ժողովուրդ էր եւ խոսում էր որոշակի լեզվով:
Հաջորդիվ, հենց այդ աղբյուրներում ասվում է հետեւյալը՝ «եւ մարդու որդիները հիմարացան եւ նողկալի մտահղացում ունեցան, որ կկառուցեն քաղաք եւ աշտարակ Սինաար տեղանքում»:
Դիմենք մեկ այլ առեղծվածի. Ջրհեղեղից փրկված սերնդի ո՞ր գործողություններն էին ընկալվում որպես զազրելի մտահղացում:
Հին ավետարանը չունի այս հարցի հստակ պատասխանը, սակայն այն ունի Միջագետքի քաղաքակրթությունը:
Համաձայն սեպագրերի՝ Էնկին փրկեց մարդկանց, իսկ ջրհեղեղից փրկվածների ժառանգները գնացին Արարատից դեպի հարավ եւ հիմնեցին նոր քաղաք: Նրանք ցանկանում էին փառաբանել իրենց փրկիչ աստծուն եւ կառուցել աշխարհի ամենաբարձր տաճարը՝ զիկուրատը՝ ի նշան երախտագիտության:
Քամու տիրակալ Էնլիլին այնպես է զայրացնում մարդկանց նենգությունը, որ ուժգին քամիների եւ ամպրոպների միջոցով ավերում է իր եղբոր պատվին կառուցած տաճարը:
Քանի որ Էնլիլին չի հաջողվում ոչնչացնել մարդկությունը՝ Նոյի ժառանգների նոր քաղաքը դառնում է նոր աշխարհի կենտրոնը, որտեղ խաչվում են տարբեր ցեղախմբեր եւ ժողովուրդներ՝ այստեղից էլ տարբեր լեզուները՝ նկարագրված Աստվածաշնչում: Հենց այդ պատճառով էլ քաղաքը սուրբ գրության մեջ անվանում են Բաբելոն՝ հրեական Բաբել՝ խառնաշփոթ բառով:
Այսպիսով, սուրբ գրությունը, որի հիմքը եբրայական Թորան է, որոշակի առումով կրկնում է շումերա-աքքադական պատմությունը: Հին հրեաները, հիմք վերցնելով հնագույն պատմագրությունը եւ առասպելաբանությունը, փոխանցում են այն իրենց ժողովրդի պահանջների տեսանկյունից: Այսուհանդերձ, աշխարհագրական անվանումներն ու հատուկ անունները պահպանվել են երկու դեպքում էլ եւ հասել մինչեւ մեր օրեր:
Առաջին դարի հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսը՝ «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ նշում է, որ Բաբելոնից վերեւ գտնվում էին Խալդիա երկիրը, իսկ մենք գիտենք, որ պատմական Բաբելոնից վերեւ գտնվել է պատմական Արարատյան թագավարության /կամ Ուրարտուի/ տարածքը, որտեղ էլ հանգրվանել է տապանը: Հետարքրիր է, որ Արարատյան թագավորության գերագույն աստվածը՝ Խալդին էր, եւ այդ երկրի բնակիչներն իրենց կոչում էին խալդիներ կամ խալդիի մարդիկ՝ ի պատիվ իրենց գերագույն Աստծո:
Սեպագրերի յուրահատկություններից ելնելով՝ Խալդին կարող է կարդացվել նաեւ որպես Խայ դի, /Հայ դի/ որը թարգմանվում է որպես կենդանի հայ, իսկ նման անունով է մեծարվում փրկիչ աստված Էնկին, որի անուններից մեկն էլ՝ Հայա է..
Հրեական «Միգդալ» բառը նշանակում է աշտարակ: Մենք նաեւ գիտենք, որ զիկուրատները կամ հին Միջագետքի տաճարները ոչ այլ ինչ էին, քան միմյանց վրա դարսած կիսատ բուրգեր: Եւ այդ աշտարակի գագաթին գտնվում էր Աստծո բնակավայրը: Բիբլիական Բաբելոն քաղաքի պարագայում ՝կենդանի, Հայա աստծո՝ ջրհեղեղից փրկածի եւ մարդու արարչի բնակավայրը: