ԼՐԱՀՈՍ
15 Oct 2024

«Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել Վրաստանի հետ ռազմավարական Wardrop Dialogue երկխոսությունը»․ դեսպան

«Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել Վրաստանի հետ ռազմավարական Wardrop Dialogue երկխոսությունը»․ դեսպան

10 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական Wardrop Dialogue-ը, որն ամեն տարի թագավորությունն իրականացնում էր Վրաստանի հետ նախարարների մակարդակով։ Բացի այդ՝ բրիտանական կողմը չեղյալ է հայտարարել պաշտպանության բարձր մակարդակի առաջիկա բանակցությունները և դադարեցրել կիբերանվտանգության ծրագիրը։ Այս մասին երեքշաբթի՝ Interpress News առցանց հրատարակության հետ զրույցում նշել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։

 

Միաժամանակ դեսպանը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո երկրի կառավարությունը կվերադառնա արևմտամետ կուրսի և կվերականգնվի վստահությունը Լոնդոնի և Թբիլիսիի միջև։

 

«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք՝ ամրապնդելու Վրաստանի դիմադրողականությունը և մեր ընդհանուր բարգավաճումը, սակայն անցած տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունն այլ ընթացք գծեց, և Թբիլիսիում իմ անցկացրած առաջին ամիսների ընթացքում ես ստիպված էի հստակեցնել մեր մտահոգությունները ժողովրդավարության անկման և հակաարևմտյան հռետորաբանության վերաբերյալ։ Հուսով եմ, որ Վրաստանի կառավարությունը կփոխի իր մոտեցումը»,- նշել է բրիտանացի դիվանագետը։

 

Ուորդը հավելել է, որ Լոնդոնում անհանգստություն է առաջացրել Վրաստանում քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակող օրենքի ընդունումը։

 

«Մենք հիասթափված էինք, երբ «Վրացական երազանքի» առաջնորդները սկսեցին դավադրության տեսություններ քարոզել և ենթադրել, որ արևմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը», – նշել է դիվանագետը։

 

ABCmedia-ն է փոխանցում