Ցասման ալիք՝ ազգային պահանջներով և սոցիալական հենքով
Հայաստանյան հանրույթում առկա խուլ դժգոհությունը, սոցիալական բունտի նախադրյալներն ու զանգվածների ընդվզումը պետք է վերաձևակերպել և հասցեագրել համախմբող ազգային երազանքին։ Այս բախտորոշ և դրամատիկ իրավիճակն իր բնույթով նման է 20-րդ դարասկզբին։ Բնավ չափազանցություն չկա այն պնդման մեջ, որ մեկ հարյուրամյակ անց Հայաստանն անցնում է նույն ողբերգական ընթացքով, տարբերությունը, սակայն, այն է, որ իշխանության ղեկին Արամ Մանուկյանի և Հովհաննես Քաջազնունու՝ տրամագծորեն հակադիր որակների կրող անձինք են։ Բացի այդ, 1918-ին ո՛չ պետություն կար, ո՛չ էլ բանակ, ընդամենը հատուկենտ կամավորական գնդեր էին, որոնց հիմքի վրա ծնվեց Առաջին հանրապետությունը։ Մեկ դար անց, թշնամու առաջ ներսից բացելով դարպասներն ու մոլորվելով տարածաշրջանային բավիղներում, ստացանք հայրենազրկում ու կորուստներ։
Դիմադրության շարժման հետագա ընթացքը, առհասարակ ընդդիմադիր որևէ ակտիվություն պիտի հիմնվի իրողությունների սթափ գնահատման, կայծակնային իշխանափոխության իրագործման հարցում քաղաքացիների պատրանքները թոթաթելու, բայց և՝ հուսահատությունն իսպառ բացառելու անհրաժեշտության վրա։ Ամեն գնով սեփական իշխանությունը երկարաձգելու՝ Փաշինյանի մոլի մարմաջին պետք է հակադրվի ոչ թե ամեն գնով իշխանության գալու, այլ պետությունն անկորուստ զարգացման հանգրվանի հասցնելու թեզը, որի միակ պայմանը, անխոս, հենց Փաշինյանի հեռացումն է։
Իշխանությունից վաղուց արդեն որևէ ակնկալիք չկա, որքան էլ այն զանազան շոուներ բեմադրի։ Դրանք, ի դեպ, վերաբերում են և՛ պատերազմին ու դրա հետևանքներին, ինչպես, օրինակ, հազարավոր զոհերից ընդամենը մի քանի տասնյակի հարազատների տներ այցելելը, լուսանկարվելը, նրանց սեփական քարոզչության նպատակով օգտագործելու նողկալի գործելակերպը, և՛ տնտեսությանը, ասենք՝ մետրոյի նոր կայարանի ենթադրյալ կառուցմանը։ Զոհերի տներ այցելող Աննա Հակոբյանը՝ սեփական անձին ինքնուրույն պետական գործչի լիազորություններով օժտած, ուժեղացված թիկնազորով, իրեն պահում է այնքան անվրդով, ասես նա չէր մինչև պատերազմը Մեհրիբան Ալիևային Շուշի հրավիրում՝ մուղամ լսելու, և այդպիսով ազգային աղետի զարմանալի կանխատեսում անում։
Դիմադրության շարժման առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն Փաշինյանի երբեմնի ընդդիմադիր ակտիվության՝ այն ոչ թե հացի խնդրի կամ սոցիալական անարդարության հենքի վրա է կառուցում իր թեզերը, թեև դրա հիմքը լիուլի առկա է, այլ պետության, ինքնիշխանության, սահմանների, բանակի ու Արցախի։ Քաղաքական առասպելների արմատավորման ու ատելության հիմքով դրանց անխնա շահարկման հարցում, սակայն, Փաշինյանը հավասարը չունի, և բարդ է նրա դիրքերը մաշեցնելը։ Փոխարենը պատերազմի՝ անհետևանք մնացած կորուստների մասին անպատասխան հարցերը պետք է շարունակաբար հետապնդեն այս իշխանության ներկայացուցիչներին ու պաշտպաններին։ Այն, թե ինչո՞ւ հարձակվող կողմը, որն անգամներով ավելի բարդ կացության մեջ է լինում, հաղթեց պաշտպանվողին, ինչպե՞ս հարյուրամյակներ անց մեր տոնած միակ հաղթանակը՝ արցախյան գոյամարտը, ի դերև ելավ, իսկ այսօր էլ այն փորձ է արվում ընդամենը իբրև պատահական հաջողություն ներկայացնելու։
Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի գործունակության ապացույցը դարձել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը բարձրաձայնելու խիզախությունը։ Եվ հակառակը՝ մեր անվտանգության և արժանապատվության միջնաբերդը թշնամուն զիջող կամ այն արդարացնող ցանկացած ուժ իր համաձայնությունն է տալիս Սյունիքի, Սևանի ավազանի և մայրաքաղաք Երևանի հետագա հանձնմանը։ Ամենադրամատիկ գիտակցումն այն է, որ երբ Ալիևը խոսում է «1918-ին հայերին զիջված ադրբեջանական Երևանի» մասին, հայկական ազգանուններով որոշ արարածներ, Փաշինյանին պաշտպանելու անզուսպ մղումով, կարող են անգամ այդ անհեթեթ պնդումներին հավատալ։ Փաշինյանի ընտրազանգվածը չէ՞ր, որ իր առաջնորդից հետո երկրորդում էր, թե Շուշին՝ ամենահայահոտ ու հայաշունչ, ապրող ու ապրեցնող քաղաքը, ադրբեջանական է։
Բացառիկ է մի բան՝ սեփական պարտությունն այսքան հպարտորեն ներկայացնելը, այն գովաբանելը, փառավորելը, համակերպում, հուսահատություն ու անզորություն սերմանելը։ Վարչախումբն անհնար ամեն միջոցի կդիմի՝ ռազմաքաղաքական պարտությունն արդարացնելու նպատակով։ Դրա համար պարարտ հիմք կա՝ լայնածավալ հանրային անտարբերությունը կորսված տարածքների, Արցախի ու զոհերի նկատմամբ։ Համաժողովրդական ցասման դեպքում պարտված առաջնորդը կա՛մ ինքնակամ կհեռանար, կա՛մ անձնասպան կլիներ, մինչդեռ Փաշինյանը դեռևս ձիու վրա է։ Դիմադրության շարժման առաջնահերթ խնդիրը պիտի լինի հենց ցասման այդ ալիքը հարուցելը։
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան