ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
07 Jun 2022

Անգործունակ իրավակարգն ու բազմիցս տապալված սահմանադրական կարգը

Անգործունակ իրավակարգն ու բազմիցս տապալված սահմանադրական կարգը

Տևական ժամանակ է՝ Հայաստանի իրավապահ և քննչական մարմիններին փոխարինել է գործադիր և օրենսդիր իշխանությունների, մի քանի ուժային կառույցների, ԲԴԽ-ի և դատավորների մի մասի հանցավոր համագործակցությունը, փաստացի՝ մաֆիան, որի պարագլուխը վարչապետն է։ Նույնիսկ չընկնելով ձևականությունների հետևից՝ այդ մեկ անձն է կայացնում իր համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող բոլոր նախաքննական որոշումները, ապա և դատական ակտերը։ Օրինակ, ո՞վ է այսօր հիշում, որ վարչապետի՝ այդպես էլ անպատիժ մնացած օգնական Աննա Վարդապետյանը ներազդում էր Ռուբեն Հայրապետյանի գործով նախաքննության ընթացքի վրա՝ գործելով իր անմիջական վերադասի անունից և նրա հակաօրինական հանձնարարությունների հիման վրա։

Մոտ 250 դատավորներից մի քանի տասնյակը՝ խիստ հայտնի ազգանուններով, գործում են բացառապես քաղաքական շարժառիթներով։ Իշխանությանը հաճոյանալու տրամաբանությամբ նրանք կալանավորում են իշխանության ընդդիմախոսներին և քննադատներին, անհեթեթ խուզարկության թույլտվություններ են տալիս, միով բանիվ՝ բավարարում են վարչապետի՝ նույնիսկ ամենաանօրեն քմահաճությունները։ Իրավական պետության առաջնահերթ պայմանը՝ դատարանների և դատավորների անկախությունը, հիմնավորապես անտեսված է, իսկ այն ապահովելու կոչված սահմանադրական մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, դարձել է գործադիր իշխանության կցորդն ու անթաքույց ճնշում է գործադրում «այլախոհ» դատավորների նկատմամբ։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու փոխարեն՝ կարելի է առհասարակ առոչինչ ճանաչել Մայր օրենքը, քանի որ դրա ձևական առկայությանը զուգահեռ՝ կայուն կերպով ձևավորվել ու գործուն է այն շրջանցելու հանցավոր պրակտիկա։ Իրավակարգն անգործունակ է, սահմանադրական կարգը՝ բազմիցս տապալված՝ սկսած առնվազն 2019-ին դատարանները գրոհելուց։ Իրավունքի գերակայության նոմինալ սկզբունքները՝ սահմանադրականություն, իրավական պետություն, օրինականության ապահովում, չեղարկված են։ Միայն այն, որ դեռևս մինչև պատերազմը Բարձր դատարանի կազմը փոխվել և գործում է Սահմանադրության կոպտագույն ոտնահարմամբ, արդեն իսկ բավարար է լուծարված իրավակարգի մասին խոսելու համար։ 2020-ին՝ պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ ընտրված, իրականում Փաշինյանի կողմից նշանակված ՍԴ հինգ նոր անդամներն սպասարկում են բացառապես իրենց նշանակողի քաղաքական շահը։ Սակայն, եթե նույնիսկ մի հրաշքով նրանք լիարժեքորեն անկախ դատավորներ լինեին, միևնույն է՝ նրանց ընտրության ընթացակարգը հակաիրավական էր։ Ակնհայտ է, որ իշխանության համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող գործերով այս կազմով Բարձր դատարանը գործելու է Փաշինյանի թելադրանքով։

2020-ի գարնանը նշանակված ապօրինի սահմանադրական հանրաքվեից, ապա դրա հակասահմանադրական չեղարկումից մինչև Օնիկ Գասպարյանի պաշտոնանկություն՝ կառավարությունը, նրա իրավախորհրդատուներն ու ՍԴ-ն անցել են ակնհայտ ապօրինի ընթացքով։ Ո՞վ էր այդ օրերին Փաշինյանին հիշեցնում, որ ԶՈՒ ԳՇ պետը նշանակվում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով՝ հինգ տարով, և նրան հայեցողաբար ազատելու իրավունք նախատեսված չէ։ Ո՞վ էր նրան բացատրողը, որ Վարչական դատարանի՝ վիճարկման հայցը վարույթ ընդունելու դեպքում պաշտոնանկության հրամանագրի կատարումն ինքնաբերաբար կասեցվում է, նշանակում է՝ Գասպարյանը պետք է վերականգնվեր պաշտոնում՝ մինչև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։ Մինչդեռ ինչ-որ անհասկանալի «իրավունքի ուժով», իրականում՝ ուժի իրավունքով Արտակ Դավթյանը բերվեց հին պաշտոնին՝ առանց վերացնելու ապօրինի վարչական ակտի հետևանքները։

Դատախազությունն ու քննչական մարմինները՝ Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ Քննչական դեպարտամենտը, դարձել են ընդամենը քողածածկույթ, այլապես ոչ թե կպարտակեին սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման դեպքերը, այլ կդատապարտեին դրա մեղավորներին։ Օրինականության սկզբունքի համատարած ոտնահարման դրվագներով պետք է հարյուրավոր քրգործեր հարուցված լինեին, և քանի դեռ դրանք առկա չեն՝ Հայաստանը չունի ո՛չ գործունակ Մայր օրենք, ո՛չ էլ իրավապահ համակարգ։ Ի վերջո, ազգային անվտանգությունը, ի շարս մի շարք այլ բաղադրիչների, ներառում է նաև իրավական ոլորտը, ավելին՝ դրա ապահովումը պետության պաշտպանունակության էական նախադրյալ է։

2019-20 թթ Փաշինյանի գերխնդիրը ՍԴ-ն հպատակեցնելն էր, 2021-ին՝ Գլխավոր շտաբը։ Նախ Բարձր դատարանում, ապա և ԳՇ-ում իշխանության յուրացումից հետո սահմանադրականության հիմնարար դրույթները վերջնականապես ոտնատակ տրվեցին։ Եվ եթե իրավապահ համակարգն այս դեպքերից որևէ մեկով քննություն չսկսեց, նշանակում է՝ դրա պարագլուխները գործում են մաֆիայի տրամաբանությամբ և սպասարկում են ոչ թե իրավակարգը, այլ իրենց վերադասին։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան