«Հայկական Նյուրնբերգի» սպասումով
Որո՞նք են այն արմատական գործողությունները, որոնք կստիպեն Փաշինյանին խորհրդարանական ամբիոնից ավելի լկտիանալու փոխարեն՝ ինքնակամ լքել պաշտոնը։ Երբ ասվում է, որ ընդդիմության գործիքակազմը պետք է լինի սահմանադրական, արժե հավելել, որ սահմանադրական կարգը Հայաստանում վաղուց է տապալված։ Ի վերջո, 2018-ին իրավիճակն ավելի չսրելու նկատառումից ելնելով՝ Փաշինյանին «ներվեց» հատուկ պահպանվող օբյեկտի՝ Ռադիոտան գրավումը, ուղիղ եթերի տաղավարի մուտքի դուռը «խորտակելն» ու ստուդիա ներխուժելը։ Ավելի վաղ իր ավազակախմբի հետ նա բռնի կերպով ներթափանցել էր նաև Մայր բուհ և պատանդառել ռեկտոր Արամ Սիմոնյանին։
Հովհարային անջատումներով գործող իրավապաշտպաններն այն ժամանակ առավոտից երեկո հայտարարում էին, թե ժողովուրդն իրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով իրեն տրված «ապստամբության իրավունքը»։ Այդ իրավունք, ի՞նչ է, տրված էր միայն Փաշինյանի՝ ոտքով դուռ կոտրող խուլիգանախմբի՞ն։ Իսկ ո՞ւր մնաց իրենց արդար ցասումը փողոցներում և հրապարակներում դրսևորող տասնյակ հազարավոր արժանապատիվ հայերի, օրինակ՝ զոհերի բարեկամների ապստամբության իրավունքը։ «Հայրենիքի փրկության շարժման» օրերին Փաշինյանը մի եզակի ճշմարիտ միտք արտաբերեց, այն է՝ էլիտաներն ուզում են իշխանություն փոխել։ Այո՛, Դիմադրության ներկայիս շարժումն իրապես հանրության ինտեեկտուալ էլիտայի պայքարի դրսևորումն է՝ ազգադավ վարչախմբի հեռացման անխախտ պահանջով։
Որքան էլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հեգնի ընդդիմությանը, նրա թաքուն վախերն անսքող են, վկան՝ ոստիկանական կուռ շարքերը կառավարական շենքերի պարագծերով։ Անցած տարի՝ արտահերթին նախապատրաստվելիս, նա զգուշանում էր, որ իր հրաժարականի դեպքում ընդդիմությունը կարող է վարչապետի սեփական թեկնածու առաջադրել, ավելին՝ ներքին վախերից շփոթահար՝ անգամ սեփական խմբակցությանը չէր վստահում, կարծում էր, թե պատեհ պահին կարող են քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Անգամ խիստ կառավարելի, վաղուց իր գրպանում հարմար տեղավորված ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից էր զգուշանում, փորձում էր նրանց հետ հավատարմության հուշագրեր կնքել, որ հանկարծ որևէ թեկնածուի չառաջադրեն, և խորհրդարանն ինքնալուծարվի։ Այսօր նա այլ խնդիր է լուծում՝ խորհրդարանում բուռն գործունեության պատրանք ստեղծել՝ ձևացնելով, թե իբր ընդդիմության բացակայությունը քաղաքական ճգնաժամ չի հարուցում, իսկ փողոցային շարժումը թողնել ինքնահոսի՝ ենթադրելով, որ այն կմարի։
Դիմադրության շարժման նորովի ծավալման և դրա մասշտաբների ընդլայնման դեպքում Փաշինյանի օրակարգում դարձյալ դրվելու է ներքին բախումներ և արյունահեղություն սադրելու հարցը։ Նա իրեն ամենաբնական վիճակում է զգում, երբ 2008-ի մարտի 1-ի իր ելույթի՝ «այսօր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» թեզի հանգույն ներազգային թշնամանք է հրահրում, ապա մի կողմ քաշվում և հաճույք ստանում դրանից։ Անցած տարվա մարտի 1-ին, երբ իր իշխանությունը մազից էր կախված, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ Հանրապետության հրապարակ բերված տասնյակ հազարավոր «կողմնակիցներին» նա միտումնավոր կերպով ուղղորդեց Բաղրամյան փողոց՝ ՀՓՇ-ի վրանային ճամբար՝ տեղում սադրանքներ հրահրելու։ Փառք Աստծու, ողջամտությունը հաղթանակեց, և լուրջ ընդհարումներ տեղի չունեցան։ Կասկածից վեր է, որ սեփական դիրքերի թուլացման դեպքում նա կրկնելու է իր այդ արկածախնդիր քայլը։
Դավադրությունների, դաժանության և անձնակենտրոն ինքնակալության ձգտումներով Փաշինյանը կարող է մրցել անգամ Հին Հռոմի կայսրեր Կալիգուլայի և Ներոնի հետ, եթե, իհարկե, նրանց մասին կարդացել է։ Նա, սակայն, չունի ո՛չ պատմական այս անձանց տրամաչափը, ո՛չ էներգետիկան, ո՛չ էլ ազդեցիկությունը․ նա ընդամենը մանր քինախնդիր է։ Նորագույն համաշխարհային պատմությանն էլ գուցե ծանոթ չէ՝ հասկանալու, թե որքան անփառունակ ավարտեցին Նիկոլաե Չաուշեսկուի, Սադամ Հուսեյնի և Մուամար Քադաֆիի պես ամենազոր տիրակալները։ Փաշինյանի տիեզերական անհաջողությունների շարքում միակ ձեռքբերումը, թերևս, անհաջողակ, լքված, չկայացած ու կիսագրագետ խավի համակրանքը շահելն էր, այն էլ՝ ժամանակավորապես։ Ընդ որում, դա առանձնապես բարդ չէր՝ պետք էր կենտրոնացնել մարդկանց մեջ տասնամյակներով գեներացված իռացիոնալ ատելությունն ու թշնամանքը և այն ուղղորդել սեփական գահակալության խնդրի իրականացմանը։ Քանի դեռ Փաշինյանին հաջողվում է բորբոք պահել հանրային հուսալքությունն ու դրանից կենարար էներգիա ստանալ, նա կմնա իշխանության։
Իսկ աթոռից հիվանդագին կառչած այդ արարածին պաշտոնանկ անելու դեպքում մեծ հավանականությամբ կհաստատվեն պայմանավորված պարտության և Արցախի միտումնավոր հանձնման ենթադրությունները, քանի որ արդեն իսկ հրապարակված փաստերը բավարար են՝ նույնիսկ առանց որևէ քննության նման մտահանգման գալու համար։ Իրապես անկախ քննիչ հանձնաժողովն ու անաչառ դատարանն, ի վերջո, կիրականացնեն «հայկական Նյուրնբերգը»։
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան