ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
24 May 2022

«Ազգ, բանակ, հաղթանակը»՝ ոչ թե կարգախոս, այլ գործելակերպ

«Ազգ, բանակ, հաղթանակը»՝ ոչ թե կարգախոս, այլ գործելակերպ

Բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպմանը Արցախի վերջնական և անվերադարձ հանձնման և Հայաստանի տարածքից թշնամուն անկլավներ տրամադրելու, այդպիսով՝ երկիրը բզկտելու, մասնատելու ահազանգն արդեն ոչ թե անդառնալիության կետն է, այլ դրանից էլ անդին։ Պոպուլիզմի չեմպիոնը միգուցե փորձի հերթական անգամ ինքն իրեն արդարացնել արդեն մաշված փաստարկներով, պնդել, թե Արցախը հայկական պահելու որևէ տարբերակ չուներ, բայց պահի հրամայականն այդ անձի վայրկյան առաջ վռնդումն է իշխանությունից։ Այսքանից հետո նա դեռ փորձելու է Եռաբլուր պանթեո՞ն բարձրանալ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարին ծաղիկնե՞ր խոնարհել, և դա նրան թույլատրվելո՞ւ է։ Մի՞թե տասնյակ հազարավոր քաղաքացիների արդարացի ցասումն ու վրդովմունքը բավարար չէ՝ զսպելու պետականակործան ու գահավեժ այս ընթացքը։

Արցախի ամբողջական հանձնման փաստաթղթավորված ապացույցը, իրոք,  աննախադեպ վիճակ է առաջացնում, և նախևառաջ՝ գործող գեներալների համար, եթե այդպիսիք կան կամ գեներալ կոչվելու իրավունք ունեն։ Անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջի փաստաթուղթը ավելի քան 40 բարձրաստիճան զինվորական էր ստորագրել, որոնց մեծագույն մասն աստիճանաբար հեռացվեց ծառայությունից։ Գործող սպայակույտն իրեն հաշիվ տալի՞ս է, որ ամբողջապես կիսում է հայրենահանձնման դավաճանական խարանն ու պատասխանատվությունը։ Ո՞ւմ է պետք նրանց հրամանատարությունը, եթե իրենց քաղաքական վերադասը բնավ ի զորու չէ ապահովելու մեր սահմանների անխոցելիությունը, ավելին՝ շարունակաբար նահանջի հրամաններ է տալիս։

Եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, թեկուզ մի քանի ամիս անց, Գլխավոր շտաբը գոնե իշխանափոխություն պահանջեց, ապա որտե՞ղ են մարտական գեներալներն Արցախի վերջնական օտարման ակտի կնքման օրերին։ Պատվախնդիր սպաների ու գեներալների դիրքորոշումն ու պահվածքն այս դեպքում պետք է որ շատ միանշանակ լիներ, ինչն արագորեն կհարուցեր իշխանության ճգնաժամ և կապիտուլյանտի վերահաս հրաժարական։ Կայծակնային կերպով գործելու և բանակի վերնախավին իրավիճակի ամբողջ ճակատագրականությանը հաղորդակից դարձնելու դեպքում ընդդիմության համար կստեղծվեր պատմական հնարավորություն՝ փրկելու պետական շահը։ Իշխանության բեկվածք առաջանալու դեպքում բոլորը՝ հանրապետության նախագահից մինչև դատավորներ, արագորեն կկողմնորոշվեին և կլքեին խորտակվող նավը՝ փորձելով գոնե իրենց կաշին փրկել։

Ահավասիկ, 2021-ի փետրվարին՝ ԳՇ հայտարարությունից հետո, նախագահ Արմեն Սարգսյանն սկզբնապես որոշեց Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին վարչապետի միջնորդությունը հետ ուղարկել՝ հակասահմանադրական լինելու հիմնավորմամբ։ Դա իրավիճակից բխող, բայց և պետական գործչին հարիր մոտեցում էր։ Սակայն գործընթացի երկարաձգման բերումով Արմեն Սարգսյանն անազնիվ խաղ սկսեց՝ մանևրելով իշխանության և ընդդիմության միջև, փորձելով փրկել սեփական դեմքը երկուսի մոտ էլ, այն դեպքում, երբ իր բերած հիմնավորումներով  միանշանակ պետք է Սահմանադրական դատարան դիմեր։ Այս անգամ նույն սխալը չպետք է կրկնվի՝ Արցախի հանձնման տակ կնիք դնող իշխանության հեռացման գործուն և փաստարկված պահանջով պետք է միասնաբար հանդես գան բոլոր ընդդիմադիր ուժերը՝ առանց բացառության, և բանակը՝ ի սկզբանե բացառելով որևէ հետքայլ հնարավոր սպառնալիքների, շանտաժի և քրեական հետապնդումների դեպքում։

Եթե նախկինում իշխանափոխության հարցը «պատվիրակվեց» վարչական դատարանին, քանի որ այդտեղ էր որոշվում՝ Օնիկ Գասպարյանը կշարունակի՞ պաշտոնավարել իբրև բարձրագույն զինվորական, թե՞ ոչ, հիմա այդ հարցը չպետք է իշխանությունից կախում ունեցող որևէ մեկի հայեցողությանը հանձնվի։ Դատավորների բացարձակ մեծամասնությունը, իշխանության բոլոր ճյուղերն առհասարակ աննախադեպ ճնշումների ու շանտաժի են ենթարկվում, ինչը քողարկվում է վարչախմբի մանիպուլյատիվ քարոզչամեքենայով և արևմտյան դեսպանների շողոմ խոսքերով։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը մեր երեսնամյա պատմության ամենաանօրեն, բռնապետական ու անսքող ամենաթողության ժամանակաշրջանը բնորոշում են իբրև «ժողովրդավարության հաղթարշավ»՝ նույնիսկ չթաքցնելով Փաշինյանի վարչախմբին ամեն կերպ արդարացնելու իրենց մանդատի էությունը։

Բանակի միարժեք դիրքորոշման դեպքում զուգահեռաբար գերակա պետք է լինի հանրային տոտալ դժգոհությունը՝ ձևակերպված քաղաքականապես, գործուն պայքարը, վերջին չորս տարվա ամենօրյա ստի և պոպուլիզմի հետևողական քողազերծումը, դատարկ խոստումների և չիրականացրած ծրագրերի մասին անհոգնել հիշեցումները։ Հընթացս պետք է աշխատել նաև խորհրդարանի իշխանական խմբակցության տրոհման ուղղությամբ՝ ՔՊ-ական պատգամավորներին ներքաշելով ընդդիմադիր օրակարգի և խոսույթի դաշտ, որքան էլ դա դժվար լինի։ Այս գործոնների համադրման դեպքում պայքարը չի կարող չհաջողել։

Հեղինակ` Դավիթ Սարգսյան