ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
17 May 2022

Քաղաքական վտարանդին՝ թվացյալ, բայց կորսվող իշխանությամբ

Քաղաքական վտարանդին՝ թվացյալ, բայց կորսվող իշխանությամբ

Դիմադրության շարժումը փաստորեն Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես այնքան է մեկուսացրել, որ անգամ իր սիրելի գործիքին՝ հակընդդեմ հանրահավաքին չի դիմում, քանի որ վստահ է՝ այս անգամ նույնիսկ իր մի քանի հազար աջակիցների չի կարողանա հավաքել հրապարակում։ Դա այն դեպքում, երբ կոպտագույն ձևով միջամտում է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը և չարաշահում վարչական ռեսուրսը, այն ծառայեցնում համայնքապետների և ավագանու ընտրություններում իր թիմակիցների «պյուռոսյան հաղթանակին», նաև՝ տեղային աջակցության ծիծաղելի հավաքների բեմադրմանը։ Քչերն են այսօր հիշում, որ անցյալ տարվա արտահերթի նախօրեին տասնյակ հեռախոսազրույցներ հրապարակվեցին, որոնցում գյուղապետները և մարզերի ՔՊ-ական վերնախավն իրենց ընտրազանգվածի թվերն էին ճշգրտում։

Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքական մեկուսացումը կատարյալ է, որքան էլ նա փորձի թվացյալ անհոգության պատրանք ստեղծել։ Ո՛չ ՀԱՊԿ-ի վեհաժողովում նրա խայտառակ ելույթը, ո՛չ էլ Երևանում հակառուս մարդ-կուսակցությունների հետ նրա պարբերական հանդիպումները բնավ չեն ճեղքում իշխանության տոտալ քաղաքական շրջափակումն ու արժեզրկումը։ Արտախորհրդարանական մարգինալների, իրականում՝ պալատական խեղկատակների համույթի նմանօրինակ ընդունելությունները ծիծաղ ու խղճահարություն են հարուցում։

Այդ հրավիրյալներից, օրինակ, Արամ Սարգսյանը տեղյակ չէ՞, որ իր Սպարապետ եղբոր նկատմամբ 1990-ականների վերջին ատելություն սփռող թիվ մեկ լրագրողը հենց Նիկոլ Փաշինյանն էր։ Թե՞ Ազգային հերոս եղբոր անունը կարելի է, մեղա Աստծո, բիզնես-նախագիծ դարձնել և ինքնին որևէ արժանիք չունենալով՝ շարունակաբար հղում անել եղբոր լուսավոր հիշատակին, որի ամենավառ պղծողը հենց Փաշինյանն է։ Իր կողմից այդքան պախարակված քսանամյակում Արամ Սարգսյանը զարմանալիորեն սովորեց եղբոր շվաքի տակ ապրելուն՝ դա համարելով քաղաքական գործունեություն ծավալելու բավարար հիմք։ Մինչդեռ Փաշինյանին նրա անթաքույց նվիրվածությունն ու երդվյալ ռուսատյացությունն ի ցույց են դնում Սպարապետի հետ նրա՝ խորապես անհամատեղելի որակներն ու արժեքները։

Հայաստանի ցանկացած իրավագիտակից քաղաքացու բնական մտասևեռումն այսօր կորսված ինքնիշխանության գոնե մասնակի վերականգնումն է, տարածաշրջանում կրկին գործոն դառնալը, մյուս կողմից՝ պարզ է, որ այս կործանարար ընթացքը դեռևս երկար է իր հետագիծը թողնելու ապագա իշխանությունների գործունեության վրա։ Առանց չափազանցության՝ պետականության ընթացիկ ճգնաժամը վերջին հարյուրամյակում գոյաբանական լրջագույն մարտահրավերն է, քանի որ առնվազն 1921-ից ի վեր՝ Հայաստանն ու հայությունն այսչափ թերպաշտպանված, իսկ պատմաքաղաքական իրադրությունն այսքան բախտորոշ և ցավալի չեն եղել։ Եթե դրանց գումարենք նաև խարխլված հանրային համերաշխությունը, հակաօրինականության ցցուն դրվագները, ոստիկանական ամենաթողությունը, ապա պատկերը կամբողջանա, թշնամու գործն էլ էապես կդյուրանա։

Իշխանական համակարգում նույնիսկ չնչին ինքնուրույնություն ունեցող որևէ անձ կամ սուբյեկտ այլևս չի մնացել. դրանք բոլորը չեզոքացված են։ Հանրապետության նախագահից մինչև Սահմանադրական դատարան, Երկրապահ կամավորականների միությունից մինչև ամենափոքր գյուղի համայնքապետարան՝ Փաշինյանի միանձնյա վերահսկողության ներքո է։ Առավել անհնազանդների վրա աննախադեպ ճնշում է գործադրվում՝ սպառնալիքներ, շանտաժ, շինծու քրգործեր, կալանավորում, քաղաքական հետապնդումներ, ատելության խոսք։ Զինված ուժերի գլխավոր շտաբն իրեն ենթարկած բռնապետն արտաքուստ առավել քան վստահ է սեփական անսխալականության հարցում և թերևս մտածում է՝ այդ ո՞վ կարող է իր դեմ դուրս գալ։ Կա միայն Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանեկան կապալը, մնացածը սպասարկու են։ Սա է այսօրվա իշխանության իրական բնույթն ու նկարագիրը։

Միաժամանակ, Փաշինյանի իբր անվրդով կեցվածքն իրականում մատնում է նրա խոր անհանգստությունը, հաճախ՝ ագրեսիվ և ոչ համարժեք վարքային ու խոսքային դրսևորումները։ Սկսնակ հոգեբանին անգամ պարզ է, որ նրա ջղաձիգ, նյարդային, հոգեգարին բնորոշ պահվածքը հատուկ է այն իրավիճակներին, երբ նա իր իշխանությանը վտանգ է տեսնում։ Նա իրեն տղամարդ է երևակայում, երբ, ասենք, կին լրագրողին կոպտում է Եռաբլուրում՝ հրաժարվելով Շուշիի մասին սեփական խոսքերից։ Սակայն նրա ինքնասիրությունը չի վրդովվում, երբ երկու թշնամի պետություններն արդեն անգամ ոչ թե իրեն, այլ համայն հայությանն են ծաղրում և անարգում։ Զարմանալիորեն հիշում է իր «ամենազորության» մասին, երբ հանկարծ գործը հասնում է իր փոխարեն ադրբեջանական քարոզչությանը հակադարձող հանրային գործիչների, օրինակ՝ Ավետիք Չալաբյանի, հետապնդումներին։ Սակայն նույն Փաշինյանն անգամ պարզ պատվախնդրություն չունի՝ առանց տասնյակ թիկնապահների ու հարյուրավոր ոստիկանների ուղեկցության՝ հանդիպելու զոհերի հարազատներին, նայելու նրանց աչքերի մեջ, ներողություն խնդրելու և լուռ սպասելու սեփական դատաստանին։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան