ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
26 Apr 2022

Ալիևի բռունցքը, Չավուշօղլուի ժեստն ու նրանց հայ կամակատարը

Ալիևի բռունցքը, Չավուշօղլուի ժեստն ու նրանց հայ կամակատարը

Արդեն նույնիսկ Ալիևն է բացիեբաց ընդունում, որ արցախյան հակամարտության բանակցային գործընթացը վիժեցրել է հենց Փաշինյանը՝ իր անհեռատես քայլերով և հռետորաբանությամբ, և առնվազն 2019-ից ի վեր բանակցություններ չեն եղել։ Ալիևը սա անկեղծորեն խոստովանում է այն դեպքում, երբ ամեն անգամ բացառիկ հոգածություն է դրսևորում իր հայ գործընկերոջ նկատմամբ և խնայում նրան՝ պաշտպանելով անգամ հայաստանյան ընդդիմության հարձակումներից։ Այլևս կասկած կա՞, որ պաշտոնավարման չորս տարում Փաշինյանը միտումնավոր և համակարգված կերպով զրոյացրել է Հայաստանի երեսնամյա արտաքին քաղաքական ձեռքբերումները։ Իսկ դիվանագիտական հարթակում մեր հաջողությունները, պարզ է, պետության անվտանգության լրջագույն միջազգային երաշխիք էին՝ ոչ պակաս, քան ազգային բանակը։

Հետահայաց դիտարկելով հատկապես 2018-20 թթ Փաշինյանի վարած բանակցությունների տրամաբանությունը՝ ակնհայտ է դառնում, որ նա գործընթացը տարել է բացահայտ թշնամական հունով՝ հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և առանձնաբար Ռուսաստանի միջնորդական ջանքերից, գերադասելով Ալիևի հետ անձնական շփումներն ու փաստացի հրաժարվելով այն բացառիկ իրադրությունից, որն առկա էր արցախյան բանակցություններում 2016-18 թվականներին։ ԱԺ ամբիոնից Փաշինյանի հնչեցրած միայն այն պնդումը, թե Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել, և ինքը նոր է կերտում այն, պետական դավաճանության դասական խոսքային արար էր։ Դա Երրորդ հանրապետության փաստացի ոչնչացման մեկնարկի ազդարարումն էր։

Միաժամանակ, Փաշինյանի նմանատիպ ուղերձների հասցեատերը նաև Բաքուն էր։ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը մերժելու, սեփական կետից նոր բանակցություններ սկսելու մասին մեծադղորդ պնդումների իմաստը, փաստորեն, Ալիևին ծուղակից հանելն էր, Արցախի կարգավիճակի ընդունման հարցում նրա վրա առկա միջազգային ճնշումը վերացնելը, արդյունքում՝ Ադրբեջանի շահերն սպասարկելը։ Մինչդեռ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո՝ երկու տարի շարունակ՝ մինչև չարաբաստիկ իշխանափոխությունը, արցախա-ադրբեջանական առաջնագծում մշտադիտարկման մեխանիզմների և դիտորդների թվի ավելացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնական պահանջն ու մտահոգությունն էր։ Դա էլ հնարավորություն չէր տալիս Ադրբեջանին պատերազմ սկսելու Արցախի դեմ, քանի որ Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները նույնական էին, իսկ ահա Բաքուն դեմ էր Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը։

Նկատի ունենալով բանակցային գործընթացի հետևողական տապալումը՝ առավել քան ճշմարտանման է թվում այն թեզը, որ այդկերպ Փաշինյանը պետությունը տարել է կանխամտածված պարտվողական պատերազմի։ Փաստն այն է, որ երկուսուկես տարի շարունակ նա անընդմեջ փաստարկներ է տվել Բաքվին՝ Արցախի վրա լայնածավալ ագրեսիա սկսելու և ապա միջազգային հանրության աչքի առջև այն արդարացնելու համար։ Պատահական չէ, որ համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, ողջունում են Ադրբեջանի պատրաստակամությունը՝ սկսելու Հայաստանի հետ սահմանազատման գործընթաց, ավելին՝ Հայաստանին կոչ են անում կառուցողական գտնվել և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա վկայում է Հայաստանի դիվանագիտական մեկուսացման և Ադրբեջանի ու միջազգային հանրության դիրքորոշումների համադրման մասին։

Կողմերի միջև հավասարության պատրանք ստեղծելու համար նույն միջազգային հանրությունը ողջունում է Հայաստանի բացառապես միակողմանի զիջումները, օրինակ՝ երբ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց, խախտելով բոլոր ներպետական ընթացակարգերը, Ադրբեջան արտահանձնվեցին մարդասպաններ Գուլիևն ու Ասկերովը։ Սա այն դեպքում, երբ Բաքվի բանտերում առայսօր ավելի քան հարյուր հայ ռազմագերի է խոշտանգվում։

Բնականաբար, դիվանագիտական հաջողությունների խորտակմանը զուգահեռ՝ պետք էր փլուզել նաև տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, զրկել նրան հաղթողի դափնիներից։ Հայաստանում և Արցախում բարձր զորային պաշտոններում պատահական անձանց նշանակումները, հրամանատարների հաճախակի փոփոխումները, զորքերն առանց կառավարման թողնելը, կարևորագույն սպառազինություններն այդպես էլ պահեստներից չհանելն այլ բան չէին, քան պատերազմում երաշխավորված պարտության տանող քայլեր։

Իշխանությունում նման թուլամորթ և ապազգային տարրերի տեսնելուց հետո, պարզ է, որ Ալիևի բռունցքն էլ, Չավուշօղլուի ժեստն էլ ուղղված են հայ ժողովրդին ու Հայաստանի քաղաքացիներին։ Նրանք հասկացնում են, որ իրենց հայ գործընկերների լիակատար ըմբռնումն ու անգամ աջակցությունն ունեն, այլապես հայրենի իշխանությունները նման տարակուսելի և վախվորած լռություն չէին պահպանի։ Ի վերջո, գոնե կարձագանքեին սեփական սահմանների, տարածքային ամբողջականության ծվատմանը և թշնամու նորանոր նախապայմաններին։ Իրականությունը, ահա, այսքան շրջադարձային է պետության համար, իսկ այն իշխանափոխությամբ փրկելը՝ օրախնդիր և հրատապ։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան