ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
19 Apr 2022

Իշխանափոխությունը՝ միջոց, Արցախի փրկությունը՝ նպատակ

Իշխանափոխությունը՝ միջոց, Արցախի փրկությունը՝ նպատակ

Վերամեկնարկած փողոցային ընդդիմադիր պայքարն ի սկզբանե կարծես թե ճիշտ է դիրքավորել հիմնական պահանջը՝ ոչ թե ճնշում գործադրել իշխանության վրա՝ չստորագրելու այս կամ այն հայադավ փաստաթուղթը, այլ պարզապես այդ հայադավ իշխանությանը վռնդել կառավարական շենքից։ Այն, որ Փաշինյանի վարչախումբը մսխել է Արցախի հարցի հայանպաստ կարգավորման հնարավոր բոլոր տարբերակները, ենթադրյալ պետական դավաճանության բազմաթիվ արարների հեղինակ է, երկիրը կանգնեցրել է սոցիալ-տնտեսական աղետի շեմին, քաղաքացիների հաշվին անհագորեն գրպանում է պետբյուջեն, խախտել է բոլոր կարմիր գծերը, վաղուց գիտեն բոլորը, մնում է այդ իրականությունը ձևակերպել քաղաքականապես և վերջնագրային տոնով։ 

Դեռևս միայն Երևանի Ազատության հրապարակում սկսված բողոքի ակցիաները պետք է ցանցայնորեն և ապակենտրոն ձևով տարածվեն հանրապետությունով մեկ՝ մարզկենտրոններից ընդհուպ մինչև սահմանապահ գյուղեր։ Ժամանակին Փաշինյանն ասում էր, թե սահմանապահ համայնքները պիտի արտոնյալ լինեն, մինչդեռ դրանց պաշտպանությունը թողնված է գյուղապետների և գյուղացիական ջոկատների վրա, որոնց զինելուց անգամ հրաժարվում են։ Թե՞ «վիճելի» դարձած տարածքներում իրենց տները սեփական ձեռքով այրած գյուղաբնակ մեր հայրենակիցներն են արտոնյալ վիճակում։ Պարզ է, որ այս համայնքներն իշխանափոխության և իրավիճակի արագ փոփոխման, անվտանգության երկաթյա երաշխիքների տրամադրման առաջին շահառուներից են։

Փաշինյանն օրեր առաջ Գյումրիում էր, և տեղի «Համաձայն չեմ» նախաձեռնությունը բողոքի լուռ ակցիա իրականացրեց նրա դեմ։ Մեկ տարի առաջ նրան և իր աջակիցներին նույն Գյումրիում հավկիթներով էին հարվածել։ Եթե իր նկատմամբ հանրային պարսավանքի այս ալիքը տարածվի երկրով մեկ, ապա Փաշինյանը հավանաբար կսկսի զբաղվել նոր թաքստոցի որոնմամբ։ Առավել ամոթալի և նվաստացուցիչ վիճակի մեջ պետք է հայտնվեն առայսօր նրան պաշտպանողները, հանրայնորեն նրանց պետք է մեղսագրել հազարավոր նահատակների, հայրենազրկման և նոր ցեղասպանության վտանգի արդարացումը՝ բացատրելով, հասկացնելով, համոզելով, որ ճշմարտությունն այն չէ, ինչին իրենք կուրորեն հավատում էին։ Բնականաբար, պետք է երիցս մերժվեն նաև Փաշինյանի կաբինետի անդամներն ու ենթակաները՝ նախարարներից մինչև ՔՊ-ական պատգամավորներ, առհասարակ նրա ստորագրությամբ առայսօր պաշտոնավարող բարձրաստիճան պետպաշտոնյաներ։

Նույնիսկ Արցախի ամբողջական հանձնման պատրաստակամությունն ի ցույց դնելուց հետո Փաշինյանին արդարացնողների վարքը պետք է հրապարակավ ներկայացվի իբրև հանցակցություն պետական դավաճանությանը։ Չի բացառվում, որ իրեն բնորոշ մեթոդով, ընդդիմադիր ճնշման ուժգնանալուն պես, Փաշինյանը փորձի վարչական ռեսուրսի կիրառմամբ իր աջակցության կեղծ հավաքներ բեմադրել մի քանի համայնքում։ Բնականաբար, նա դա կանի իր տասնապատկված թիկնազորով և ոստիկանական կուռ շարքերով՝ իբր մահափորձերից զգուշանալով, իրականում՝ ժողովրդական ցասումից պաշտպանվելով։ Իր անձի, ընտանիքի, կառավարության և Կոնդի կեցավայրի անվտանգությունն էլ հո բանակն ու առաջնագիծը չե՞ն, որ աչքաթող անի, օպտիմալացնի, կազմալուծի ու բարոյալքի։

Իշխանափոխությունը կստացվի, եթե հաջողվի նախ քաղաքականապես ու մեթոդաբանորեն, ապա իրավաբանորեն գրագետ ձևակերպել վարչախմբի հեռացման օրակարգը, ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը և ժողովրդական լայն համախմբմամբ հասնել դրա իրականացմանը։ Քաղաքական ընդդիմությունը՝ ի դեմս խորհրդարանական ուժերի, առաքելություն ունի ի կատար ածելու իրեն տրված մանդատն ու օդում կախված հանրային սպասումը՝ ի վերջո իրացնելու համաժողովրդական տրամադրությունները։ 

Այս սցենարը հար և նման է բելգիացի գրող Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպի հերոսի հետևյալ մտածմունքին «Հանգամանքների խորհրդավոր զուգադիպումներով, մեր կամքից անկախ, կյանքի իրադարձություններն այն կերպ են հասունանում, որ մենք՝ մեկս մյուսի հանդեպ, սովորական խաղազինվորներ ենք դառնում շախմատիստի ձեռքին, որը, ենթարկվելով անսասանելի օրենքին, իրականացնում է վերջնական նպատակները։ Մենք չգիտենք, թե ուր ենք գնում, սակայն հավերժական օրենքներն այդ գիտեն, և մենք չենք կարող անել մի քայլ, որը նախապես որոշված չլինի և որը մեզ չմոտեցնի այն անձնավորությանը, որ գալիս է մեզ հանդիպակաց։ Եվ ամեն ինչ կատարվում է շատ պարզ, ըստ որում մեր կյանքի ամենակարևոր պահերը նախապատրաստող հանգամանքները շարունակում են մնալ չնչին և գրեթե անտեսանելի գործոններ, որոնք նպաստում են առեղծվածային, վերջնական նպատակի իրագործմանը։ Այդուհանդերձ, այդ գործոններն անհամար ճյուղավորումներ են ունենում ժամանակի ընթացքում։ Դրանց միայն որոշ մասն է, որ իսկական նշանակություն ունի, քանզի ոչինչ չի կարող տեղի ունենալ առանց նրանց, և այն, ինչ տեղի է ունենում, արտահայտվում է վշտի և ուրախության գրեթե միանման կերպերով»։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան