Ազդարարված պատերազմի և նոր դավադրության սպասումով
Վերահաս պատերազմը, որի անխուսափելիության տեղեկատվական-քարոզչական «նախապատրաստմամբ» զբաղված է իշխանությունն այս շրջանում, լինելու է շատ ավելի աղետալի ու պետականաքանդ, քան 2020-ինը։ Եվ եթե որոշ պարզամիտներ դեռևս հույսեր են տածում, թե Փաշինյանի վարչախումբը կկարողանա հնարավորինս նվազ կորուստներով դուրս գալ այս հերթական փորձությունից, ընդդիմությունն էլ հանցավոր անտարբերությամբ սպասում է, թե ինչ հրաշքով է իշխանափոխություն լինելու առանց իր ակտիվ ուղղորդման, արժե ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ է լինում, երբ պատերազմի ղեկավարումը վստահվում է գործող վարչախմբին։
Արժե՞, օրինակ, հիշեցնել, որ 44-օրյա պատերազմում մեր զոհերի մեծ մասն անկազմակերպ ու անկանոն, չհամաձայնեցնված գործողությունների հետևանք էր, իսկ աշխարհազորի ընդգրկումը զորքեր գրեթե միշտ տեղի էր ունենում առանց նախնական ներդաշնակման, շատերն անգամ տեղանքին ծանոթ չէին։ Ջրականի անկման դժոխքը տեսած զինծառայողները, որոնք հրաշքով էին փրկվել մահից ու մի կերպ խորացել թիկունք, օրեր անց լսում էին, թե իբր այնտեղ պաշտպանական մարտեր են մղվում, երբ այն վաղուց ընկել էր։ Ներքին լսարանի նկատմամբ իրականացված տեղեկատվական այս դիվերսիաները ոչ թե ոգևորեցին, այլ ավելի ընկճեցին զորքերին և խորացրին քաղաքական իշխանության և հրամանատարության հանդեպ անվստահությունը։
Հադրութի բնակիչներն այնքան վստահ էին արծրունհովհաննիսյանական քարոզչաթեզերի ճշմարտացիության հարցում, որ իրենց ունեցվածքը թողեցին քաղաքում՝ ենթադրելով, թե ժամեր անց վերադառնալու են։ Այսօր նրանց, շուշեցիների, Արցախի մյուս բնակավայրերից հարկադիր տեղահանվածների լիարժեք վերասոցիալականացման համար, բացի մասնակի սոցիալական օգնություն ցուցաբերելուց, որևէ գործուն քայլ չի արվում։ Ցավալի պարտությունից հետո այդպես էլ որևէ հետևություն չարվեց, ոտքի կանգնելու, կորսվածը հետ բերելու, անգամ եղածը չկորցնելու ուղղությամբ որևէ ձեռնարկում չիրականացվեց։ Ավելին, իր ամեն ելույթում Նիկոլ Փաշինյանը հայաստանյան հասարակությանն անգամ վերածննդի աղոտ հույսից է զրկում, փոխարենն առաջարկում է գրկաբաց հանձնվել թշնամու ողորմածությանը։
Բաքվի չհայտարարված պահանջի իրականացումը՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմալուծումը, կնշանակի հայկական զինուժի և առհասարակ հայկական պետականության կործանում, և խոսքը ոչ թե Արցախի, այլ ՀՀ-ի մասին է։ Ի հեճուկս Ալիևի և Փաշինյանի լուռ համաձայնության՝ Արցախի Պաշտպանության բանակը, անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակի աննախադեպ մեծացման պարագայում, պետք է շարունակի իր սահմանադրական գործառույթների իրականացումը։ Արցախի իշխանությունն իր հերթին պետք է թոթափի ամբողջական կախյալությունը հայաստանյան պարտված իշխանությունից և գործի հնարավորինս ինքնուրույն։ Եթե այս իշխանությունն Արցախի մասին տևականորեն լռելուց ու այնտեղ հետևողականորեն չայցելելուց հետո վերսկսել է խոսել այդ թեմայով, ուրեմն պետք է նոր դավադրության սպասել։ Փաշինյանն ու իր թիմակիցները բազմիցս են ակնարկել և ապացուցել, որ իրենց համար Արցախի էջը հիմնավորապես փակված է, և հայ հասարակությունը պետք է համակերպվի դրա հետ, այսինքն՝ սկսի Հայաստանի պետականության կորստի հետհաշվարկը։
Հայտարարված պատերազմի նախաշեմին՝ Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը շարունակում է անգլուխ մնալ, քանի որ պաշտոնակատարների, թույլ, իր հրաժարականը չպահանջած եզակի բարձրաստիճան զինվորականների նշանակումներով է միայն հնարավոր պահել կամակատար սպայակույտ և ուղղորդել նրան դավաճանական քայլերի։ Հետևաբար՝ պատերազմի ելքի ու շարունակվող պարտությունների մեղքը մեծապես նաև Գլխավոր շտաբինն է։ Ամեն հանձնված քաղաքի դիմաց շռայլորեն գեներալական աստղեր, Ազգային հերոսի կոչումներ ու «Մարտական խաչեր» էին բաժանվում։ Ինչպես հայտնի է, հարավային ուղղությամբ մեր նահանջի հիմնական պատասխանատուները՝ Ազգային հերոսի կոչման արժանացած Տիրան Խաչատրյանը և Անդրանիկ Փիլոյանը անպատիվ կերպով պաշտոնաթող արվեցին։ Տրամաբանությունը և փորձը հուշում են, որ Փաշինյանն այդպես է վարվելու իր իշխանախմբից շատերի հետ։
Հայաստանի անկախության երեսնամյա պատմության բոլոր նվիրական իդեալներն ի դերև են ելել, Փաշինյանը հիմնիվեր տապալել է նախկին բոլոր իշխանությունների ջանքերն Արցախի հարցում, և թերևս արդեն էական էլ չէ՝ դավաճանությա՞ն, տգիտությա՞ն, թե՞ այլ հանգամանքների բերումով, քանի որ վերջնարդյունքը նույնն է։ Խորքային էլիտաներ, ռազմավարական կառույցներ ևս չկան․ ԱԱԾ-ում խառնաշփոթ ու քաոս է, ոստիկանությունում, փոխանակ թնդանոթի միս դարձրած տասնյակ զոհված ոստիկանների արյան պատիվը պահելու, գոհանում են պարգևավճարներով, իրավապահ և ուժային մյուս կառույցների մասին խոսելն անիմաստ է՝ գրպանային ու կատարածու մարմիններ, որոնք հույս ունեն ապագայում խուսափել պատասխանատվությունից «Հրաման էի կատարում» չարչրկված արդարացմամբ։
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան