ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
09 Mar 2022

«Համաշխարհային ոստիկանն» անցնում է թոշակի՞

«Համաշխարհային ոստիկանն» անցնում է թոշակի՞

Այն, որ մեր սերնդի աչքի առջև աշխարհակարգն անշրջելիորեն վերափոխվում է այնպես, ինչպես 17-րդ դարում՝ Վեստֆալյան հաշտության, 20-րդ դարում՝ Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի կամ Պոտսդամի համաժողովի արդյունքներով, ակնբախ իրողություն է: ԱՄՆ-ն գերիշխանությամբ միաբևեռ աշխարհը, թերևս, մայրամուտ է ապրում, և Սպիտակ տունը պետք է անխուսափելիորեն առերեսվի իր երբեմնի դիրքերի կորստի և Ռուսաստանի ու Չինաստանի աշխարհաքաղաքական նոր դերի հետ: ԱՄՆ գործող ազգային պաշտպանության համակարգն ու անարդյունավետ ներքին քաղաքականությունն օբյեկտիվորեն թույլ չեն տալիս այդ երկրի միջազգային կացությունն ու արտաքին քաղաքական ուղեգիծն այնպես փոխելու, որ հնարավոր լինի հանգուցալուծել նոր աշխարհակարգի ձևավորման բարդագույն թնջուկը:

Պայմանականորեն՝ ավարտվում է նորագույն համաշխարհային պատմության հերթական երեսնամյակը, երբ լրջագույն աշխարհաքաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական տեղաշարժերն էապես սրբագրում են միջազգային հարաբերությունների վարքականոնները: Ավարտվող երեսնամյակի սկիզբը նշանավորվեց անցած դարավերջի դրամատիկ իրադարձությունների շղթայով, որոնց բարձրակետն ԱՄՆ-ի գլխավորությամբ աշխարհում ազատական-ժողովրդավարական համակարգի հաղթանակն էր՝ Բեռլինի պատի անկումը, Խորհրդային Միության փլուզումը և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գրեթե անարյուն հաղթանակը Ծոցի պատերազմում, այդ պատճառով էլ այն ստացավ «հետսառըպատերազմյան դարաշրջան» անվանումը: Հետաքրքրական է՝ մեկնարկող փուլը հետագայում ինչպե՞ս է անվանվելու:

Անցնող հետսառըպատերազմյան ժամանակաշրջանը նշանավորվեց համավարակի աղետով, ինչպես նաև սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը հաջորդած ԱՄՆ-ի քսանամյա տապալված ջանքերով՝ ապացուցելու աշխարհին, որ ամերիկյան կայսերական հզորությունը, ի տարբերություն խորհրդային ու բրիտանական կայսրությունների, կարող է վերաձևել Աֆղանստանը, դրանից հետո՝ նաև այլ երկրներ, ազատական-ժողովրդավարական սկզբունքներով: Մինչդեռ սկսվող 2020-ականները կոտրում են մեզ ծանոթ բոլոր համընդհանուր կարծրատիպերը, փոխում կողմնորոշիչները, միաժամանակ՝ խորացնում անորոշությունը, թե ի՞նչ է գալու այս ամենին փոխարինելու, և որչա՞փ է Վաշինգտոնը մասնակցելու նոր դարաշրջանի կազմավորմանը:

ԱՄՆ գերիշխանությունն անցած տասնամյակներում միգուցե և անփոխարինելի էր, քանի որ Վաշինգտոնը հաջողեց Սառը պատերազմն ավարտել գլխավորապես խաղաղ եղանակով, ավելին՝ պայմաններ ստեղծել առավել փոխկապակցված և բարեկեցիկ աշխարհի զարգացման համար: Ու թեև 1990-ականների սկզբից ի վեր ԱՄՆ-ի հետապնդած ամենահավակնոտ նպատակներն այդպես էլ չիրականացան՝ հետխորհրդային Ռուսաստանը չներառվեց եվրաատլանտյան հանրույթում, իսկ Չինաստանը չհամաձայնեց դառնալ ԱՄՆ-ի գլխավորած նոր աշխարհակարգի «պատասխանատու անդամ» ամերիկյան ընկալմամբ, վերջին երեսուն տարին ամեն դեպքում եվրաատլանտյան և հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների ժողովրդավարական և ավտորիտար հանրույթներին հնարավորություն տվեցին գործակցելու միմյանց հետ համեմատաբար խաղաղ, առանց գլոբալ սպառնալիքների:

Սառը պատերազմի ավարտին ԱՄՆ-ի ունեցած զգալի գերիշխանությունը, բնականաբար, պիտի շարժեր տարածաշրջանային տերությունների խանդը, որքան էլ դրանք ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերություններ ունենային, ինչպես, ասենք, ՌԴ-ն՝ 1990-ականներին: Այդ երկրներն ԱՄՆ-ի հզորությունը փոխհատուցելու համար զարգացնում էին սեփական կարողությունները: Սառը պատերազմի արդյունքների վերանայմանը հետամուտ երկու գերտերությունները՝ ՌԴ-ն և Չինաստանը, չեն ցանկանում ԱՄՆ-ի հետ մրցակցել նրա պայմաններով, հատկապես այն ոլորտներում, որտեղ ԱՄՆ-ն անթաքույց առաջատար է: ՌԴ-ն ամեն կերպ խուսափում է ԱՄՆ-ի հետ ուղղակի կոնվենցիոնալ առճակատումից: Նույնն անում է նաև ՆԱՏՕ-ն՝ ի դեմս ԱՄՆ-ի, երբ, օրինակ, հայտարարում է, որ Ուկրաինայի օդը փակելը, ասել է, թե՝ ռուսական հրթիռներ խոցելը, կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի:

Ամերիկացի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը և գրող Էլիոթ Աքերմանը համահեղինակել են «2034. վեպ հաջորդ համաշխարհային պատերազմի մասին» ուտոպիան, որում Չինաստանն իր տեխնոլոգիական, հատկապես կիբեռնետիկական նորամուծություններով անկյուն է մղում ԱՄՆ-ին և ստիպում հրաժեշտ տալ թիվ մեկ գերտերության կարգավիճակին նաև քաղաքականապես: Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն ԱՄՆ-ի գլխավորած միաբևեռ աշխարհի ավարտի հերթական և կարևորագույն արարն է: Ընդ որում, ուշագրավ է, որ այդ միաբևեռությունը կարող է ավարտվել ոչ թե երկբևեռությամբ, այլ ժամանակավոր համաշխարհային անիշխանությամբ, որում «համաշխարհային ոստիկանի» դերակատար որևէ գլոբալ գերտերություն պարզապես չի լինի:

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան