Նոր աշխարհակարգ, Ուկրաինան՝ կռվախնձոր
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնած հատուկ ռազմական գործողությունից ընդամենը մեկ շաբաթ անց արդեն իսկ ակնհայտ է, որ Եվրոպա աշխարհամասի անվտանգության համակարգը հիմնիվեր փոխվել է։ Մի կողմից՝ Մոսկվան լրջորեն կասկածի տակ է դրել Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանական հնարավորությունները և գործընկեր համարվող երկրին ցուցաբերվող աջակցությունը, մյուս կողմից՝ նպաստել է եվրաատլանտյան գործակցության աննախադեպ ամրապնդմանը։
Հարավսլավական պատերազմից ի վեր Եվրոպան նման մասշտաբային ռազմագործողություններ չէր տեսել։ Հիմա, երբ Հին աշխարհի կենտրոնում ռումբեր ու հրթիռներ են պայթում, ակնհայտ է, որ եվրոպական քաղաքակրթության հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը, անհրաժեշտաբար իրենց տեղը պիտի զիջեն անվտանգության ապահովմանը, հետևաբար՝ կոշտ սահմանափակումներին։
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը Եվրամիությունում համարում են Եվրոպայի վրա իջեցված նոր պողպատե վարագույր, ավելին՝ արձանագրում, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող եվրոպական երկրները, փաստացի, անվտանգության որևէ երաշխիք չունեն։ Եվրամիությունն այդպես էլ չկարողացավ ստեղծել սեփական միասնական բանակ, որի մասին առաջարկները հնչում էին տասնամյակներ շարունակ։ Եվ քանի որ ՌԴ-ի հիմնական պահանջներից մեկն Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը փաստաթղթով արձանագրելն է, այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մնում է, ոչ ավել, ոչ պակաս, ստորագրել Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում-հայտը։ Թե ինչ է տալու ԵՄ անդամ դառնալը Կիևին պատերազմի թեժ փուլում, երբ առանց այն էլ ֆինանսական և ռազմական օգնությունն Արևմուտքից անխոչընդոտ ստացվում է, անհասկանալի է։
Ուկրաինան 2020-ից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկեր-երկրի կարգավիճակ ունի, ինչպես, ասենք, Ֆինլանդիան և Շվեդիան, բայց անդամ չէ։ Մինչդեռ ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի համաձայն՝ անվտանգության երաշխիքները վերաբերում են բացառապես դաշինքի անդամ երկրներին։ Երբ Զելենսկին նեղսրտում է, թե Արևմուտքն Ուկրաինային բավականաչափ չի օգնում՝ չնայած խոստումներին, թերևս գիտակցում է, որ իր երկիրն այսքան ծանր գին է վճարում հենց ՆԱՏՕ-ին այդպես էլ չանդամակցելու դիմաց։ Ծանր սպառազինություն, միլիարդավոր դոլարների ներարկումներ, հետախուզական տվյալներ, քարոզչական և քաղաքական հսկայածավալ աջակցություն, Ռուսաստանի փաստացի մեկուսացում աշխարհից. անգամ այս քայլերը ոչ միայն Կիևի հաղթանակը չեն ապահովում պատերազմում, այլև ավելի մաշեցնող ու երկարաժամկետ հուն են մղում երկու երկրների դիմակայությունը, որում Ուկրաինան հաղթելու որևէ ողջամիտ հնարավորություն չունի։
Իսկ ռուս-ուկրաինական հակամարտությունը նոր չէ, այն սկիզբ է առնում դեռևս 2014-ից՝ Եվրամայդանի սկզբնավորումից: ՌԴ-ն, իհարկե, հաշվարկել է այն ահռելի քաղաքական, բարոյական և տնտեսական վնասները, որոնք կրելու է այս աննախադեպ ճգնաժամի հետևանքով։ Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ծավալը, իրոք, պատմական է, նպատակը Ռուսաստանի տնտեսությունը պարզապես ծնկի բերելն է, Ուկրաինայում հատուկ գործողությունից հետ կանգնեցնելը, որը դեռևս չի ստացվում։ Ռուսական զորքի առաջխաղացումն Ուկրաինայում շատ դանդաղ է ընթանում՝ քաղաքացիական զոհերից խուսափելու նկատառումով, հետևաբար՝ ոչ ոք չի կարող անգամ մոտավորապես կանխատեսել, թե երբ կավարտվի պատերազմը։
Մյուս կողմից, ռուսաստանյան շուկային հասցված բազմամիլիարդանոց վնասը մեդալի միայն մի կողմն է։ Մայրցամաքային Եվրոպայի էներգակիրների հիմնական մատակարարը Ռուսաստանն է, և դրանց թանկացումը ծանր է նստելու եվրոպացիների վրա։ «Հյուսիսային հոսք-2» գազատարի վավերականացման գործընթացի դադարեցումից մինչև ռուսաստանցիների բանկային հաշիվների սառեցում, օդը փակելուց մինչև անհատական պատժամիջոցներ Պուտինի մերձավորների նկատմամբ՝ էապես վատթարացնելու են Ռուսաստանի Դաշնության տնտեսական կացությունը, սակայն այդ պատժամիջոցները հակազդեցություն են ունենալու նաև Եվրոպա աշխարհամասի վրա։
Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով ձևավորված, այնուհետև Խորհրդային Միության փլուզման հետևանքով բյուրեղացած աշխարհակարգը փաստացի ավարտված է։ Ռուսաստանի և Եվրոպայի, ուղղափառ և կաթոլիկ աշխարհների միջև առկա միջանցքն այլևս չկա։ Ռուսաստանն իր արևմտյան սահմաններին մոտեցած ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը զսպելու համար չի գտել այլընտրանք, քան ուժի դիմելը։
Ուկրաինայում ծավալվող պատերազմն արդեն հատել է անդառնալիության կետը, և պարզ է, որ նույնիսկ դանդաղ կամ դժվար ծավալվող հաջողության դեպքում ռուսակական կողմը չի նահանջելու, խաղասեղանին ոչ միայն ռազմաքաղաքական խնդրի լուծումն է, այլև պետության հեղինակությունը։ Ռուսաստանը փաստացի 22 տարի շարունակ ղեկավարող Վլադիմիր Պուտինն իր պաշտոնավարման օրոք որևէ պատերազմ չի պարտվել ո՛չ երկրի ներսում, ո՛չ աշխարհում, հետևաբար, ռուսական վերնախավի ընկալմամբ, այս մեկը նրա անձնական վարկանիշի գագաթնակետը պետք է դառնա։ Դրա որոշակի ելքը հաստատելու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի միջև նոր հավասարակշռության աշխարհակարգի սկիզբը։ Եվրամիությունը դրանում ընդամենը խաղադրույք է, իսկ Ուկրաինան՝ կռվախնձոր։ Ցավալիորեն, իր քաղաքական կարճատեսության պատճառով հենց ուկրաինացի ժողովուրդն է քաղելու այս տարերային ճգնաժամի աղետաբեր հետևանքները։
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան