ՃԵՊԱԶՐՈՒՅՑ
07 Dec 2021

Մի քանի շաբաթ է անցել․ որոշակի ճշտումներ արե՞լ եք ․ Աննա Գրիգորյան

«Նախորդ անգամ, երբ մենք օրակարգում ներկայացրինք գերիների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի ու հայրենադարձման հարցը, քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ դրա քննարկումը պետք է փակ ռեժիմով տեղի ունենա»,-նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու նկատում, որ նման գործելաոճը անընդունելի է․ «Մեր հասարակությունը կարիք ունի հասկանալու, թե այս առումով ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Հատկապես գերիների հարազատները և ընտանիքի անդամները պետք է որոշակի ինֆորմացիայի տիրապետեն»,- ասում է պատգամավորը։

Աննա Գրիգորյանը հայտնում է, որ  նախորդ շաբաթ ինքը դիմումով ԱԺ նախագահին ասել է, որ եթե նիստը փակ ռեճիմով անցկացվի,  խնդրում է, որպեսզի գերիների առնվազն 15  հարազատ ներկա լինի ԱԺ դահլիճում․ «Դա էլ տեղի չի ունեում։ Ակնայտ է, որ սրա նպատակը այս հարցի վերաբերյալ տիրող տոտալ անգործության կոծկումն է։ Պարոն Սիմոնյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը, միգուցե, շատ զբաղված լինելու պատճառով չներկայանա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ կարողանում է արտախորհրդարանական ուժերի հետ մեկ ամբողջ օր  խորհրդակցություն անցկացնել, բայց չի կարողանում գալ ԱԺ, որպեսզի այսքան նուրբ հարցերի վերաբերյալ պատասխաններ տա։ Սա անհանսկանալի ու անընդունելի է»,-նշում է ընդդիմադիր պատգամավորը։

Նա հիշեցնում է, որ իր վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասում էր, որ չճշտված տվյալներ կան նոյեմբերի 16-ի ադրբեջանական հարձակման ռազմագերիների վերաբերյալ․ «Մի քանի շաբաթ է անցել․ որոշակի ճշտումներ արե՞լ եք, թե՝ ոչ։ Եկեք պարզաբանեք։ Այսօր ժողովուրդը անմասն է մնացել երկրում տեղի ունեցող գործընթացներից։ Ինչպե՞ս ենք մենք հանրությանը հաշվետվողական լինում»։