ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
23 Nov 2021

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միակ գործառույթը. ո՞րն է հանձնաժողովի բուն անելիքը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն է։ Օրակարգում մեկ ու արդեն շատ հայտնի հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Սա արդեն 13-րդ փորձն է, թեկնածուն էլ անփոփոխ է՝ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Ընդդիմադիր պատգամավորի թեկնածությունը 13-րդ անգամ մերժեցին իշխող խմբակցության անդամները, իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ընդդիմադիրներին մեղադրեց Ղազինյանի թեկնածությունն առաջադրելու մեջ: 

Ալեքսանյանը ընդդիմադիր պատգամավորներին և իր բնորոշմամբ՝ ընդդիմությանը սպասարկող լրատամիջոցներին մեղադրում է ապատեղեկություն տարածելու, հավանաբար մոռանալով, որ նոյեմբերի 16-ին վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակն էր առաջինը հայտնել հակական կողմի 10 զոհ ունենալու մասին: Այս նույն տեղեկությունն էլ զուգահեռաբար տարածում էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայկական կողմի 10 զոհ ունենալու մասին տեղեկությունը ավելի ուշ հերքել էր ՀՀ ՊՆ-ն։ Հաջորդ ապատեղեկության հեղինակն էլ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էր:

Աղաջանյանի ունեցած չճշտված տեղեկությունը ճշտվեց ու հետագայում հերքվեց: ՊՆ տվյալներով՝ հայկական կողմը այս պահի դրությամբ ունի հաստատված 6 զոհ։ 

Պաշտպանական գերատեսչության այլ տվյալներով էլ ունենք 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայող։ 

Իսկ թե ինչ է անում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը, բացի ամեն երեքշաբթի Ղազինյանի թեկնածությունը համառորեն մերժելուց, այնքան էլ պարզ չէ: Գերիներին հայրենադարձելու ուղղությամբ աշխատանքներ տանելու, անհետ կորածներից որեւէ տեղեկություն ունենալու մասին հանձնաժողովից որեւէ ակնկալիք ունենալն էլ, թերեւս, միամտություն է դառնում: Փոխարենը հանձնաժողովը աչքի է ընկնում բացառապես նախագահ Անդրանիկ Քոչարյանի էքսցենտրիկ վարքագծով ու անհասկանալի բառաֆոնդով: