ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
19 Nov 2021

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման բանակցություններն ընթանում են գաղտնի ռեժիմով․ Անդրանիկ Քոչարյան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման մասինՌուսաստանի առաջարկը՝ զրոյական կետից սկսելու մասին է։   Այս մասին այսօր հայտնեց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հավելեց՝ բանակցություններն ընթանում են գաղտնի ռեժիմով։

Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի նոր առաջարկը երեկ առանց մանրամասների ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել էր, որ դեռևս մայիսին Ռուսաստանի Դաշնությունից 3 առաջարկ էր ստացվել, ինչին հայկական կողմը համաձայնել էր, իսկ Ադրբեջանը ոչ էլ արձագանքել էր: Փաշինյանը մայիսին նաև հայտարարել էր, որ  ինքը ստորագրելու է սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթը, քանի որ համոզված է, որ դա 100 տոկոսով համապատասխանում է  ՀՀ շահերին։

Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նոր առաջարկի մասին պաշտոնական Բաքուն այս անգամ էլ դիրքորոշում  չի հայտնել, փոխարենը գործի է դրել իր գրպանային դիվանագետներին։ Ադրբեջանի նախկին Արտգործնախարար  Թոֆիկ Զուլֆուգարովն իշխանական Haqqin.az-ին տված հարցազրույցում ասել է, որ Փաշինյանի համաձայնությունն Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման առաջարկին բնավ չի նշանակում հարցի լուծում։ Զուլֆուգարովի համոզմամբ՝ Հայաստանի վարչապետը համաձայնություն է տվել մասնակցել մի գործընթացի, որը կարելի է անվերջ ձգձգել։

Նախկին արտգործնախարարը, փաստացի ներկայացնելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում ներկայացնել ավելի լուրջ փաստաթուղթ, որով կճանաչվեն նաև երկու հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը և նրանց ինքնիշխանության փոխադարձ հարգումը։

Ադրբեջանից հնչող նման հայտարարությունները դեմ են Հայաստանի հանրապետության սկզբունքներին։ Պաշտոնական Երևանը  տարանջատում է սահմանանազատման հարցն Արցախի հարցից, այն է Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այլ ոչ թե Երևանի և Բաքվի միջև։  

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման ու սահմանազատման հետ մեծ հույսեր է կապում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:  Նա համոզված է, որ սահմանագծումից ու սահմանազատումից հետո կվերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: