ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
18 Nov 2021

Փաշինյանն՝ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման վերաբերյալ Ռուսաստանի նոր առաջարկությունն ընդունելի է համարում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդես է եկել առաջարկություններով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ: Այս մասին այսօր Կառավարության նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելեց, որ ռուսական կողմի առաջարկը ստացել է երեկ՝ ԱԺ-ում հնչեցրած՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ  իր հայտարարությունից հետո։

Փաշինյանը երեկ նաև հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու պատճառով։ Սակայն չի պարզաբանել, թե ինչով է պայմանավորված Բաքվի նման պահվածքը։ 

Ադրբեջանի  ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ երեկ խոսել է Բաքվի ցանկությունների մասին: Հայտարարել է, թե անհրաժեշտ է համատեղ հանձնաժողով ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդրի լուծման համար՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքին համապատասխան։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն չի արձագանքում ռուսական կողմի առաջարկներին, քանի որ Երևանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն Երևանը տարանջատում է սահմանանազատման հարցն Արցախի հարցից։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակորեն տարանջատված են իրարից։ 

Պաշտոնական Երևանի դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այլ ոչ թե Երևանի և Բաքվի միջև։ Մինչդեռ Ադրբեջանը մերժում է նման մոտեցումը՝ անհնարին համարելով մյուս հարցերի լուծումը՝ առանց իր տարածքային ամբողջականությունը ճանաչելու։