Իշխանության ապաշնորհ հերքումներն ու երկչոտ հաստատումները.
Հայաստանի արևելյան սահմանագոտում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսվել են տեղային մարտեր. հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, գերեվարվածներ: Հայտնի է նաեւ երկու մարտական դիրքի կորստի մասին։
Արցախյան վերջին պատերազմից հետո այսօրվա բախումը, թերեւս, ամենաինտենսիվն ու մասշտաբայինն է: Ամիսներ շարունակ ընդդիմադիր գործիչները ահազանգում էին՝ ադրբեջանական զորքերի տեղակայումը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հանգեցնելու է նոր պատերազմի։ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներխուժման մասին առաջինը ահազանգել էր «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Վահե Հակոբյանը ընդգծել էր, որ Սև լճի տարածքում ադրբեջանցիները չորս դիրք են ունենանալու և 60 զինվոր: Ի պատասխան Հակոբյանի տեղեկությանը՝ ՀՀ իշխանականները անցել էին տեղեկատվական հակագրոհի. Գործի էր դրվել իշխանական ծանր հրետանին, պատգամավոր Արփի Դավոյանն օրինակ այդ լուրերը համարել էր ստահոդ ու սադրիչ:
Ժամեր անց սակայն պարզվելու էր, որ Վահե Հակոբյանն իրականում էլ լավատեղյակ է եղել, իսկ նրա հայտնած տեղեկություն էլ՝ ավելի քան հավաստի: Հետո Հակոբյանը հայտարարելու էր, որ Սեւ լճի շուրջ, իշխանությունների կողմից այդքան թմբկահարված, բանակցությունները փակուղի են մտել։
Հետո պարզվելու էր, որ սահմանային իրավիճակը ուր որ է հանգուցալուծվելու է եւ լուծվելու է խաղաղ ճանապարհով, ավելին՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Փաշինյանն էր հայտարարելու: Հավելելու էր՝ մենք այդ լճի այդ հատվածի համար էլ առճակատման չենք գնալու:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արեց ամեն ինչ, որ հայ հանրությունը պաշտոնական լրահոսի նկատմամբ հասնի աննախադեպ անվստահության շեմին ու այլեւս չհավատա սեփաական պետության պատկան մարմինների եւ ոչ մի խոսքի: