ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
29 Aug 2020
Տնտեսական ակտիվության 10.2 տոկոսանոց նվազում․ ո՞ր ոլորտներին է այն հարվածել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոսով նվազել է: Սա Վիճակագրական կոմիտեի հուլիսի տվյալներն են. համեմատությունն էլ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ է:
7 ամսվա կտրվածքով՝ հունվարից հուլիս, տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.7 տոկոսով: Անկման տեմպերը հիմնականում արագացել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտներում:
Թեեւ արդյունաբերության ծավալները հուլիսին նվազել են 2.3 տոկոսով, իսկ առաջին յոթ ամիսների տվյալաներով կազմել շուրջ 1 տրլն դրամ, այնուամենայնիվ, այն բավական լավ ցուցանիշ է:
Ինչ վերաբերում է շինարարության ծավալներին, ապա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն նվազել է 19.5 տոկոսով: Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ հունվար-հուլիսին եղել է 137.6 մլրդ դրամի շինարարություն, որը 2019 թ․ համեմատ 22.6 տոկոսով կրճատվել է:
Ներքին առևտրաշրջանառությունը նվազել է 10.4 տոկոսով։ Նկատենք, որ այս ոլորտի աճի տեմպերը փետրվարին, երբ համավարակը դեռ լայնորեն չէր տարածվել, արդեն իսկ կտրուկ կերպով իջել էին: Հունվար-հուլիսին առևտրաշրջանառությունը, ըստ Վիճկոմիտեի, կազմել է 1.518 տրլն դրամ՝ նվազելով 11 տոկոսով։