ԼՐԱՀՈՍ
15 Mar 2025

«Սա Հայաստանի տիեզերական մասշտաբի խայտառակությունն է»․ Օսկանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

«Սա Հայաստանի տիեզերական մասշտաբի խայտառակությունն է»․ Օսկանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ես ծանոթացա Հայաստանի իշխանության հայտարարություններին ու հասկացա, որ այդ խեղկատակ փաստաթղթում խոսք անգամ չկա Արցախի, արցախահայության վերադարձի իրավունքի, գերիների ու պատանդների  ազատ արձակման մասին, անգամ խոսք չկա Հայաստանից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման մասին․ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է անդրադարձել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին ու ՀՀ իշխող ուժի հայտարարություններին։

 «Հիմա, եթե գիտենք, որ սրանք այդ փաստաթղթում  գոյություն չունեն, կարելի է արդեն ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է, բայց ես այդ բովանդակությունից ուզում եմ մի հարցի անդրադառնալ, որ գոյություն ունի այնտեղ, որովհետև և՛ Հայաստանի Արտաքին Գործերի նախարարը, և՛ վարչապետը դա հաստատել են։ Հայաստանն ու Ադրբեջանը երկուստեք փոխադարձաբար հետ կկանչեն հայցերը՝ միջազգային դատական ատյաններից։ Ես ծանոթ եմ մի հայցի, որի չեղարկումը, կարծում եմ, որ Ադրբեջանի հիմնական նպատակն է, որովհետև այդ որոշումը Ադրբեջանի համար մեծ գլխացավանք է․  դա 2023 թվականի նոյեմբերի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն է, որտեղ պարտադրում է Ադրբեջանին ապահովել, թույլ տալ արցախահայությանը ապահով և անվտանգ վերադարձը իրենց հայրենիք, իրենց տներ։

 

Հավատացեք՝ սա Ադրբեջանի համար մինչև հիմա եղել է գլխացավանք և Ադրբեջանը գիտի, որ ապագայում  շարունակելու է իր համար մնալ գլխացավանք։ Փաշինյանը սկզբնական շրջանում դիմադրում էր, հետո զիջեց, ինչպես բոլոր մյուս հարցերում։ Նայեք, ես Արցախի Ազգային ժողովի կողմից ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների բաշխման հանձնախմբի անդամ եմ, որը ստեղծվել է դեկտեմբեր 2023 թվականին և արդեն մի տարուց ավելի է, որ մենք գործում ենք։ Կարող եմ հիմա արձանագրել, որ ունենք իսկապես շատ դրական արդյունքներ։ Ցանկացած որոշում խորհրդարաններում, ռեզոլյուցիա, գործադիրի հայտարարություններ՝ տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների, երբ արվում են ի օգուտ արցախահայության ՝ դրա հետևում նաև մեր հանձնախումբն է կանգնել։ Կա  եվրոխորհրդարանի երկու որոշում, որոնք նույնիսկ մի քայլ առաջ է գնում դատարանի որոշումից, որտեղ Ադրբեջանին կոչ է անում, որ նստի բանակցային սեղանի շուրջ Արցախի ներկայացուցիչների հետ, իրենց վերադարձի հարցը քննարկելու համար։ Սա մեծ, դրական քայլ է։ Շվեյցարիայի Ազգային ժողովում այսօր մի որոշում կա, որը ներքևի պալադում ընդունվել է և վերևի պալատը շուտով կքվեարկի, մի քանի օրից, որը մի քայլ առաջ է նաև գնում։ Խորհրդարանը պարտադրում է Շվեյցարիայի գործադիրին միջնորդական ֆորում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝  վերադարձի հարցը քննարկելու համար։

 

Քո սխալների արդյունքում տապալելով դիվանագիտությունը, պատերազմ ես բերել Արցախի գլխին, Հայաստանի գլխին, հազարավոր զոհեր ենք տվել, դրանից հետո գնացել ես, Արցախը ճանաչել ես Ադրբեջանի մաս, դրանից հետո ասել ես՝ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախի հարցից, նրանք ինքնուրույն են, որի արդյունքը եղել է Արցախի դատարկումը, դու քո սխալների արդյունքում ոչ միայն Արցախ ես նվիրել Ադրբեջանին, դատարկել ես, դատարկ նվիրել ես, նման նվեր Ադրբեջանը կյանքում չէր կարող երազել։ Բայց այդ բոլորը անելուց հետո, երբ արցախահայությունը դեռ ինչ-որ մի նշույլ վերադարձի հույս ունի, ուզում ես դա էլ նրան ձեռքից վերցնել»,-ասել է Օսկանյանը։