ԼՐԱՀՈՍ
10 Mar 2025

«Դավիթ Իշխանյանի վերաբերյալ առանձին ու միաձայն որոշում է կայացվել՝ նա կշարունակի մնալ ՀՅԴ Բյուրոյի անդամ»․ Ռուստամյան

«Դավիթ Իշխանյանի վերաբերյալ առանձին ու միաձայն որոշում է կայացվել՝ նա կշարունակի մնալ ՀՅԴ Բյուրոյի անդամ»․ Ռուստամյան

Այսօր՝ մարտի 10-ին ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամներ՝ Հակոբ Բագրատունու և Լիլիթ Գալստյանի մասնակցությամբ։

 

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանին պատուհասած կործանարար ընթացքը իսկապես բերեց նորանոր կորուստներ, և ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց այնպիսի շրջանում, որ նախկինում մեր բոլոր նախանշած սպառնալիքներն ու վտանգները էլ ավելի հաստատեցին իրենց կենսունակությունը. հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նշելով, որ հայ ժողովուրդը տեսավ ևս մեկ ցեղասպանություն, որը կատարվեց Արցախում և Արցախը հայաթափվեց:

 

Նրա խոսքով՝ այս իշխանությունների օրոք Հայաստանը բռնել է մի ճանապարհ, որը տանում է դեպի թրքացում. «Մեր այդ կանխատեսումները, դժբախտաբար, այս իշխանությունների թեթև ձեռքով իրականանում են։ Մեր հիմնական խնդիրն այն էր, որ այս փուլում գնահատվեց ստեղծված իրավիճակի լրջությունը, սպառնալիքները, որոնք այսօր կանգնած են հայության առաջ։ Այս վարչախմբի գործելաոճը պարտվողականությունն ու զիջողականությունն է՝ հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորը» հանդիսանալու է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սա են հանրությունից փորձում թաքցնել։ Մեր խաղաղության «երաշխավորները» լինելու են ցեղասպան Թուրքիան ու Ադրբեջանը։

 

Ռուստամյանը նաև նշեց, որ երկիրը պետք է փոխի իր արտաքին քաղաքականության ընթացքը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը ոչ թե պետք է կորցնի բարեկամներին, այլ ընդլայնի նրանց թիվը։ «Փոխանակ բարեկամ երկրների քանակն ավելացնենք, մենք նրանցից թշնամիներ ենք ստեղծում։ Այս իրավիճակը պետք է կտրուկ փոխվի»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

 

Կարևորելով Ռուսաստանի հետ ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը՝ անհրաժեշտ է ստեղծել երկկողմանի երաշխավորված պաշտպանության համակարգ, որը կգործի հնարավոր հարձակումների դեպքում։ «Մնացած բոլոր միջազգային կենտրոնների հետ պետք է գործենք փոխլրացման տրամաբանությամբ՝ պաշտպանելով մեր ազգային շահերը»,-շեշտեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

 

Անդրադառնալով ԱՀ նախագահ Դավիթ Իշխանյանի հետագա ճակատագրի հետ կապված հարցին՝ Արմեն Ռուստամյանը մասնավորապես ասաց. «Մեր ընկեր Դավիթ Իշխանյանը բանտարկված է Ադրբեջանում։ Լուրեր ունենք, որ իր առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կան: Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման մասով որոշակի գործընթացներ են իրկանացվում։ ՀՅԴ-ի համար սա գլխավոր հարցերից մեկն է: Հայ դատի գրասենյակներն ու ՀՅԴ կառույցներն ամեն ինչ անում են ու անելու են, որպեսզի օր առաջ ռազմագերիները վերադարձվեն։ ՀՅԴ-ում այս առումով իրավական, քաղաքական աշխատանքների բաժանում է արվել, որպեսզի հարցը հնարավորինս արագ լուծում ստանա»։ Արմեն Ռուստամյանը նաև շեշտեց, որ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովում Դավիթ Իշխանյանի վերաբերյալ առանձին ու միաձայն որոշում է կայացվել՝ նա կշարունակի մնալ ՀՅԴ Բյուրոյի անդամ։ Ռուստամյանի խոսքով՝ գրեթե ամբողջությամբ Հայաստան տեղափոխվելուց հետո, Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն և կառույցը նույնպես պահպանվում են:

 

«Աշխարհում իրավիճակ է փոխվել եւ դա մեզ տալիս է հնարավորություն, որ կարողանանք փոխլրացման տրամաբանությամբ գերտերությունների հետ աշխատել և մեր շահերը պաշտպանել: Սա հստակ օրակարգ է, և այս հստակ օրակարգի շուրջ Դաշնակցությունը արտահայտում է իր պատրաստակամությունը արդեն նաև մեր բարձրագույն ժողովի մակարդակով համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են այս օրակարգը և պատրաստ են որպես անհրաժեշտ պայման իշխանափոխություն իրականացնել, որպեսզի հնարավոր լինի փոխել այս ապազգային ուղեգիծը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

 

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն