ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
29 Apr 2020

«Ավելի լավ է քարը շփոթել արջի հետ, քան արջը՝ քարի». կորոնավիրուսի ռիսկերի մոդելավորումը՝ ըստ Գեւորգ Եղիկյանի

Մարդկությունը պատրաստ չէր կորոնովիրուս կոչվող այս համայնավարակին։ PARA.TV-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Իտալիայի ազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքային մոբիլության լաբորատորիայի գիտաշխատող Գեւորգ Եղիկյանը, որը ներգրավված է ինչպես Իտալիայի քաղաքներում մարդկանց տեղաշարժերի ուսումնասիրության, այնպես էլ ՀՀ-ում վիրուսի տարածման մոդելավորման աշխատանքներում։ «Ինչպես ցույց տվեցին վերջին 2-3 ամիսները, թե քաղաքական, թե տնտեսական, թե առողջապահական, թե մաքուր գիտական մոդելավորման տեսակետներից, որեւէ տիպի կոնսենսուս չկա։ Չկա մի գիտնական, որ կանգնի ու մի որեւիցե հայտարարություն անի, ու մենք իրեն անվերապահորեն վստահենք։ Ինչո՞ւ, որովհետեւ հենց սկզբից պետք է հասկանալ, որ համաճարակի տարածման ու դրա մոդելավորման հիման վրա քաղաքական որոշումներ կայացնելը բժշկական, վիրուսաբանական հարցեր չեն, դրանք համաճարաբանական, մաթեմատիկական մոդելավորման հարցեր են»,- նշեց Եղիկյանը։

Այս խնդիրներից ելնելով, ըստ նրա, հիմա գործում է լրիվ այլ սկզբունք: Ի տարբերություն մյուս ոլորտների, որտեղ գիտությունը կարող է տալ մոտավորապես ինչ-որ մի պատասխան՝ սխալվելու ինչ-որ մի շեղումով, ապա այստեղ ունենք ռիսկերի կառավարման խնդիր։ «Ենթադրենք՝ կանխատեսում ենք, որ տխրահռչակ համավարակի պիկը լինելու է մեկ ու կես ամսից եւ այսինչ ուժգնությամբ, նման գնահատական կառավարություններին տալիս՝ խորհրդատվական մակարդակով, հոդվածների տեսքով եւ այլն, մենք հասկանում ենք, որ այդ գնահատականի սխալն ասիմետրիկ է, այսինքն՝ մեր գնահատականից ստացած ճիշտ լինելու օգուտը շատ ավելի փոքր է, քան սխալ լինելուց կրած վնասը։ Ասիմետրիկ այսպիսի ռիսկերի դեպքում գործում է ռիսկերի կառավարման աքսիոմը՝ ավելի լավ է քարը շփոթել արջի հետ, քան թե արջին՝ քարի հետ»,- նկատեց գիտաշխատողը։