ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
22 Apr 2020

Գազի սակագին․ ՀՀ իշխանությունները պետք է փորձեին կուլիսներում համաձայնության գալ․ քննարկում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին տեսակապի միջոցով հանդիպում էր ունեցել 15 երկրի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Հայաստանից Լավրովին հարց էր ուղղել քաղաքական մեկնաբան, լրագրող Հայկ Խալաթյանը՝ Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ, որի շուրջ տեւական ժամանակ է՝ երկու պետությունները համաձայնության չեն գալիս։

«Լավրովը գազի գնի հարցը բացահայտորեն կապեց այն քրեական գործերի հետ, որոնք հարուցվել են ՀՀ-ում ռուսական ընկերությունների դեմ, մասնավորապես նա խոսեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի մասին»,- PARA.TV-ի հետ զրույցում ասաց Հայկ Խալաթյանը։

«ՀՀ-ում վաղուց կա քննադատություն, որ երկիր գազը հասցվում է մի գնով, իսկ հետո՝ կրկնապատկվում։ Գիտենք, որ նման պատկեր կա նաեւ այլ երկրներում, մյուս կողմից ստացվում է, որ ՌԴ «Գազպրոմ»-ը մեղավոր չէ, այլ խնդիրը ՀՀ-ում է»,- տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն այսպես է մեկնաբանում Սերգեյ Լավրովի խոսքերը, թե ՀՀ-ում սակագների հետ կապված տարիներ շարունակ խրոնիկ խնդիր կա։

Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում շարքային սպառողի վարձավճարի սուբսիդավորմանը, ապա Հրանտ Միքայելյանը կարծում է, որ կարող ենք խոսել միայն նեղ սուբսիդավորման մասին․ «Մինչ օրս ՀՀ-ում սուբսիդիան տրամադրվել է բիզնեսին, որի միջոցով էլ՝ բնակչությանը։ ՀՀ-ն ռեսուրսներ չունի եւ եթե բիզնեսը ստանում է զեղչ, ապա դա սխալ է։ ՀՀ-ն պետք է գնա այն ճանապարհով, որ շատ թիրախավորված աջակցություն տրամադրի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ավելի շատ ունեն։ Խոսքը վերաբերում է գազի քիչ սպառում ունեցող քաղաքացիներին, աղքատ ընտանիքներին»։

Իր խոսքի մեջ Սերգեյ Լավրովն ակնարկել է, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազանգ է եղել, եւ երկու երկրների ղեկավարները կփորձեն հարցին լուծում գտնել։ «Հայ հասարակության ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հարցերի շատ զգացմունքային է մոտենում, մինչդեռ մենք ավելի պրագմատիկ պետք է լինենք։ ՌԴ խնդիրն այն է, որ իր մոտ, այսպես կոչված, փափուկ ուժը վատ է ստացվում, նա միշտ ավելի կոշտ է գործում։ Հիշենք՝ Ամուլսարի խնդիրը, երբ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ Այո, նրանք բացահայտ իրենց դժգոհությունը չեն հայտնում, սակայն կուլիսներում իրենց վերաբերմունքը հայտնել են մեր իշխանությանը։ Գազի գնի պարագայում կարելի է ենթադրել, որ կուլիսներում հնչած մեսիջները տեղ չեն հասել, եւ Լավրովը ստիպված է եղել բացահայտ նման ճնշում գործադրել»,- կարծիք հայտնեց Հայկ Խալաթյանը։