ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
29 May 2020

Վրաստանը պատրաստ է օգնել ՀՀ-ին՝ հաղթահարել կորոնովիրուսը, եթե դիմեն իրեն

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա հավելել է նաեւ, որ պատրաստ են անել այն ամենը, ինչը իրենց իրավասության շրջանակում է, եթե հայկական կողմը բարձրացնի օգնության հարցը։ «Ինչպես գիտեք, մեկ շաբաթ առաջ փոքր թյուրիմացություն էր տեղի ունեցել: Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ աջակցում ենք միմյանց, մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Ինչ վերաբերում է բուժման ընթացակարգին, ապա եթե Հայաստանին այսօր անհրաժեշտ է այդ օգնությունը, վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը չեն մերժի այդ հարցում և կգործադրեն բոլոր ջանքերը: Նախ և առաջ Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է այդ հարցը բարձրացնի, վստահ եմ, Վրաստանը կլուծի այն: Ինչպես գիտեք, վրացիներն առաջինն էին, որ ժամանեցին Սպիտակ երկրաշարժի ժամանակ: Մենք միշտ պատրաստ ենք»,- ասել է Վրաստանի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ամիրան Գամկրելիձեի այս հայտարարությունը, հայ եւ վրացի շատ փորձագետների գնահատմամբ, ապտակ էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությանը։ Նախարարը մի շարք շեշտադրումներ էր արել, որոնց ոչ այդքան դիվանգիտական գնահատականները վիրավորել էին վրացի գործընկերներին։ «Անձամբ ճանաչում եմ Արսեն Թորոսյանին: Կզարմանամ, եթե այդ հայտարարությունները նա արել է ուղիղ իմաստով: Հիշեցնեմ, որ մենք մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր պատմություն: Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,- հայտարարել էր Ամիրան Գամկրելիձե։
Նախարար Թորոսյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց նրա մամուլի խոսնակը հերքում տարածեց՝ նշելով, թե լրատվամիջոցները նախարարի խոսքը կոնտեքստից կտրել են: Այդուհանդերձ, դիվանագիտական խողովակներով հարեւան երկրից ներողություն խնդրելն անխուսափելի եղավ։

Մանրամասները՝ տեսանյութում